ՀՀ փոխվարչապետը ԱՄՀ փոխտնօրենի հետ համագործակցության հարցեր է քննարկել

10.05.2024 14:29
ՀՀ փոխվարչապետը ԱՄՀ փոխտնօրենի հետ համագործակցության հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են Կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ անդրադառնալով պետություն-մասնավոր գործընկերության, հանրային ներդրումների կառավարման և բյուջետային գործըթնացների արդյունավետության բարձրացմանը: 

2023թ․–ի դեկտեմբերի 15–ին ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է երկրորդ ակնարկը Հայաստանի հետ Stand-By (Stand-By Arrangement - SBA) համաձայնագրի շրջանակում, ինչը երկրին տվել է հասանելիություն շուրջ 24,4մլն դոլարի (18,4մլն SDR), ինչի արդյունքում ընդհանուր հասանելիությունը կկազմի շուրջ 73,3մլն դոլար (55,2մլն SDR):

ԱՄՀ-ի թիմի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Հայաստան կատարած այցից հետո երկրի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել 128,8 միլիոն SDR (մոտ 165,6 միլիոն դոլար) չափով ռեզերվային համաձայնագրի շուրջ՝  կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու նպատակով, որը վերաբերում է մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության աջակցմանն ու ներառական աճի ապահովմանն ուղղված բարեփոխումների առաջխաղացմանը։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post