Կոնվերս բանկը պարգևատրել է բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած հանցագործին վնասազերծած ոստիկանին

03.05.2011 19:21
Կոնվերս բանկը պարգևատրել է բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած հանցագործին վնասազերծած ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ղեկավարությունը երեքշաթի պարգևատրել է իր աշխատակիցներին և հերթապահ ոստիկանին, ով վնասազերծել է բանկի Նոր Նորքի մասնաճյուղի վրա հարձակում կատարած չարագործին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Կոնվերս բանկի մամուլի ծառայությունից:

Մարտի 29-ին Կոնվերս բանկի «Նոր Նորքի» մասնաճյուղը ենթարկվել էր զինված հարձակման: Բանկի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի ցուցաբերած սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել էր վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը` չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը: Հաջորդ օրն իսկ առավոտից վերականգնվել էր բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի աշխատանքը. այն իրականացվում է բնականոն ռիթմով:

Տեղեկատվության համաձայն՝ ցուցաբերած քաջության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար բանկի տնօրինությունը պատվոգիր և դրամական պարգև է շնորհել Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան, ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին:

Շնորհակալություն հայտնելով ավագ սերժանտ Հովսեփյանին և մասնաճյուղի աշխատակիցներին` բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը կարևորել է ցանկացած աշխատանքում պրոֆեսիոնալիզմի դրսևորումը:

Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ Խաչիկ Ասատրյանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ 600 աշխատակից, բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post