Կայացել է Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

26.05.2017 14:53
Կայացել է Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի մայիսի 25-ին տեղի ունեցավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքի արդյունքները և ներկայացվել են հետագա ծրագրերը։

Այս մասին տեղեկացնում  է բանկի մամուլի ծառայությունը:

«Յունիբանկը մեծ աշխատանք է տարել հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների տեսականու բարելավման ուղղությամբ: Մեզ հաջողվեց տրամադրված վարկերի միջին օրական քանակը հասցնել ավելի քան 1000-ի: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ»,- իր ելույթում նշել է բանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը ` հաշվետու տարվա կարևոր ձեռքբերումներն առանձնացնելով:

Յունիբանկը զգալիորեն բարելավել է նաև ակտիվների որակը, ինչի շնորհիվ Moody’s գործակալությունը բարձրացրել է բանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Հաշվետու տարում Յունիբանկը 53%-ով ավելացրել է կապիտալը, այն հասցնելով 34,8 մլրդ ՀՀ դրամի, և այդպիսով կատարել ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվի պահանջը:

Բարձր գնահատելով ներդրողների վստահությունը բանկի հանդեպ, 2016թ.-ին բանկի Խորհուրդը որոշում է ընդունել իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ, որոնք համարժեք էին 12.9% տարեկան եկամտաբերությանը:

2016թ. -ին բանկի ակտիվները կազմել են 185.4 մլրդ ՀՀ դրամ` տարվա ընթացքում աճելով 17.2%-ով, իսկ պարտավորությունները, աճելով 11.2%-ով, կազմել են 150.5 մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.7%-ով և կազմել 118.6 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկում ավանդների ծավալը կազմել է 114.8 մլրդ ՀՀ դրամ, որից 81%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:

2016թ.-ին Յունիբանկը տոնել է իր 15-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում Յունիբանկին հաջողվել է դառնալ այնպիսի բանկ, որին վստահում են 325 000 հաճախորդ և 200 բաժնետեր: Այսօր բանկն ունի 47 մասնաճյուղ, 52 պրոմո կետ և ներկայացուցչություն Ռուսաստանում:

Բանկի ուժեղ կողմերը և մրցակցային առավելությունները հնարավորություն են ստեղծում բիզնեսի հետագա աճի և շուկայում մասնաբաժնի մեծացման համար:

Քառամյա ռազմավարական ծրագրի համաձայն, Յունիբանկի մանրածախ վարկավորման ծավալը կաճի 44%-ով, իսկ կորպորատիվ վարկավորմանը` 37%-ով: Այսպիսով, բանկը կավելացնի իր մասնաբաժինը մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտներում, համապատասխանաբար, շուկայի 13% և 10%-ով:

Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշել է, որ 2020թ.-ին բանկը նախատեսում է ապահովել 5 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի նվազագույնը 50%-ը կբաշխվի որպես շահութաբաժին: Իսկ դա նշանակում է, որ էապես կբարձրանա բանկի ներդրումային գրավչությունը: «Մենք երախտապարտ ենք ներդրողներին վստահության, հաճախորդներին` լոյալության և բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Կրկնակի հաճելի է, երբ մեր բաժնետերերն ու հաճախորդները խորհուրդ են տալիս Յունիբանկն իրենց բարեկամներին և մտերիմներին` որպես վստահելի և շահավետ գործընկեր», - ամփոփելով իր խոսքը ասել է Գագիկ Զաքարյանը:

Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև