ՀՀ ԿԲ-ն անիմաստ է անվանել դրամի արժեզրկման հարցում կառավարության հետ պայմանավորվածության մասին լուրը

03.04.2019 13:41
ՀՀ ԿԲ-ն անիմաստ է անվանել դրամի արժեզրկման հարցում կառավարության հետ պայմանավորվածության մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամի արժեզրկման մասին լուրը անիմաստ և չհիմնավորված է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը:

Այսօր՝ ապրիլի 3-ին, «Ժամանակ» օրաթերթը գրել է, որ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: 

Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում:

 «Դա հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին: Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհինավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից: «Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ չզլանալ և դիմել ՀՀ ԿԲ պաշտոնական տեղատվություն ստանալու համար», - գրել է նա:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, 2019 թ.-ի առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 484,37 դրամ, իսկ ապրիլի 2-ի դրությամբ փոխարժեքը կազմում է 486,47 դրամ: Ընդ որում, տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հայկական արժույթը դրսևորել է, հիմնականում, արժեզրկման միտում և մարտի սկզբին գերազանցել է 1 դոլարի դիմաց 490 դրամի շեմը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև