«Հայբիզնեսբանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդելու է առաջատար դիրքերը». Բանկի Վարչության նախագահ

08.01.2020 13:14
«Հայբիզնեսբանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդելու է առաջատար դիրքերը». Բանկի Վարչության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը մշտապես զարգանում է` գրավելով նոր նշաձողեր։ Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչպես է զարգանալու բանկային հատվածը, ինչ միտումներ կան Հայաստանի ֆինանսական շուկայում և ինչ ծրագրեր ունի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ն երկրում բանկային ծառայությունների զարգացման հարցում։ 

Պարոն Սարգսյան, դուք ստանձնել եք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ վարչության նախագահի պաշտոնը նախորդ տարվա փետրվարին։ ՀՀ կենտրոնական բանկի Ձեր երկար տարիների աշխատանքը և առհասարակ, բանկային համակարգի մեծ փորձառությունը որքանո՞վ է Ձեզ օգնում այսօր: 

Ա. Սարգսյան. բնականաբար, երկար տարիների փորձը Կենտրոնական բանկում նպաստել է բանկային համակարգը ոչ միայն որպես վերահսկող մարմնի աշխատակից դիտարկելուն, այլ նաև  որպես ֆինանսական կառույցի ղեկավար: Այդ փորձառությունն իր որոշիչ դերն ունի, մասնավորապես, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական քաղաքականությունը,  շեշտադրումներն արագ ընկալելու, համակարգելու և առանցքային ուղղությունները ուշադրության կենտրոնում պահելու հարցում: 

Այս կարճ ժամանակահատվածում Բանկի անձնակազմը՝ ղեկավարները, հին և նոր աշխատակիցներով համալրված ամբողջ թիմը, փորձում է մրցակցության լուրջ մարտահրավերներ նետել՝ պահպանելով այն բարձր վարկանիշն  ու անվիճելի վստահությունը, որն ունի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր: 

Բանկային համակարգը մեր երկրի կայացած ոլորտներից է: Սակայն, քիչ են այն բանկերը, որոնք հենց անկախության առաջին տարիներից մուտք գործելով ոլորտ՝ կարողացան դիմակայել մրցակցությանն ու իրենց կայուն տեղը գրավել ոլորտում: Այսօր ի՞նչ տեղ է զբաղեցնում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Հայաստանի բանկային համակարգում, ինչպես է դիմակայում մրցակցությանը, ինչ գնահատական կտայիք առ այսօր ունեցած ձեռքբերումներին: 

Ա. Սարգսյան. իսկապես, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեր նորաստեղծ պետության տարեկիցն է և դա ինչ-որ տեղ խորհրդանշական է: Ստեղծման պահից Բանկը նկատելի տեղ է զբաղեցրել Հայաստանի ֆինանսական համակարգում: Բանկի առաքելությունն է եղել մեր երկրի զարգացմանը նպաստելը, մեր երկրում գործող տնտեսվարող սուբյեկտներին աջակցելը: 

Այսօր արդեն, շուրջ 30 տարվա ճանապարհ անցնելով, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների ցուցանիշներով, իսկ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: 

Սա, անշուշտ, խոսում է Հայաստանի բնակչության վստահության բարձր մակարդակի մասին, սակայն այս բոլոր դրական ցուցանիշներով հանդերձ, մենք աշխատում ենք աճը շարունակական դարձնել, ինչը մինչ այժմ մեզ հաջողվել է: Դաշտում մրցակցությանը դիմակայելու և հաստատատուն տեղ ունենալու գրավականը՝ մեր հաճախորդների համար հնարավորինս հարմարավետ և շահավետ պայմաններ ստեղծելն է և այս ուղղությամբ անընդհատ աշխատանք է տարվում: 

Նոր ղեկավար ունենալը ենթադրում է որոշակի փոփոխություն ցանկացած կառույցի կառավարման քաղաքականության, առաջնահերթությունների դասակարգման մեջ: Փոխվելո՞ւ է արդյոք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարությունը, ինչ առաջնահերթ ուղղություններ են շեշտադրվելու։ 

Ա. Սարգսյան. քաղաքականության կտրուկ փոփոխություն չի լինելու, սակայն, շեշտադրությունն ավելի է ուժեղանալու մանրածախ և փոքր բիզնեսի հատվածի զարգացման վրա: Մենք ակտիվորեն զարգացնելու ենք պրոդուկտները փոքր բիզնեսի համար: Դրանք ոչ միայն վարկային պրոդուկտներ են, այլ նաև տարբեր ծառայություններ, որոնցից մեկը ստարտ-ափ  նախագծերին աջակցելն է: 

Մեզ համար կարևոր է, որպեսզի փոքր բիզնեսի հաճախորդները միշտ իմանան, որ ի դեմս Բանկի նրանք ունեն մշտական և հուսալի ֆինանսական գործընկեր: Դա մեր մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության հիմնական տարրերից մեկն է: Ես կարծում եմ, որ Բանկն ունի անվիճելի առավելություններ այս հատվածի զարգացման համար՝ բավականին զարգացած մասնաճյուղային ցանց, մանրածախ հաճախորդների մեծ բազա, մեր հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակ: 

Կարճ ժամանակում մենք բավականին նոր պրոդուկտներ ենք մշակել,  նոր ակցիաներ իրականացրել: Մենք փորձում ենք մտածել առանձնահատուկ պրոդուկտներ, որոնք հարմար կլինեն հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի համար: 

Վերանայվել են նաև ներքին կառուցվածքները և գործընթացները՝ Բանկի հենահարթակը մանրածախ սեգմենտի զարգացման պահանջներին (ներառյալ փոքր բիզնեսը) համապատասխանեցնելու համար: 

Այս պահին Բանկը գտնվում է պրոակտիվ ՏՏ որոշումների ներդրման փուլում՝ վարկային հայտերի դիտարկման կենտրոնացում, խնդրահարույց ակտիվների աշխատանքներ, քարտային հաշիների սպասարկում, հաճախորդների սպասարկում կոնտակտային կենտրոնների միջոցով և այլն: 

Այսօր վարկավորման շուկայում գրանցվում է հիփոթեքային վարկերի բում, բնական է` ոչ առանց պետական աջակցության։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է, արդյոք, հիփոթեքային վարկերի տարածվածությունն ապագայում հանգեցնել բանկային համակարգում չաշխատող վարկերի աճին՝ փոխառուների վճարունակության ոչ ադեկվատ գնահատականի պատճառով։ 

Ա. Սարգսյան. ճիշտ է, այսօր հիփոթեքային վարկերի աճն աննախադեպ է, որն էապես պայմանավորված է պետական աջակցությամբ, եկամտային հարկի վերադարձով և շինարարության ոլորտի աճով: Սակայն, հիփոթեքային վարկեր տրամադրելիս (քանի որ վերջիններս երկարաժամկետ են) բանկերն իրականացնում են զգուշավոր քաղաքականություն. հաճախորդների վարկունակության խիստ գնահատում, կանխավճարի առկայություն, գրավադրվող գույքի ապահովագրություն, որոշ դեպքերում լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, երաշխավորների առկայություն: Ուստի, կարծում ենք, որ ՀՀ բանկային համակարգում հիփոթեքային վարկերի պորտֆելում չաշխատող վարկերի մեծ ծավալի առաջացման հավանականությունը փոքր է: 

Բանկերի կողմից հիփոթեքային վարկերի շարունակական աճը նպաստելու է շինարարության ոլորտի ակտիվացմանն ու աճին, ուստի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը հիփոթեքային վարկերի շուկայում՝ առաջարկելով շահավետ պայմաններով վարկեր իր հաճախորդներին:  

Այս ենթատեքստում ցանկանում եմ մեր հաճախորդների ուշադրությունը հրավիրել այն դրույթի վրա, որ կառուցապատողից անշարժ գույք գնելու դեպքում հարկավոր է ցանկացած վճարումներ իրականացնել բացառապես բանկերում բացված կառուցապատողի հատուկ հաշիվներին: Նշեմ նաև, որ փոխանցվող կանխավճարային վճարումների հետ կապված կա մի նրբություն. օրենքը թույլ է տալիս մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կառուցապատողի կողմից այդ միջոցների մի մասի տնօրինում, եթե կառուցապատողի և գնորդի միջև կնքված պայմանագրով գնորդը տվել է իր համաձայնությունը: Ես խորհուրդ կտայի, որ գնորդն իր համաձայնությունը տա միայն այն դեպքերում, երբ հատուկ հաշիվների գումարները կօգտագործվեն բացառապես կառուցապատողի վարկային պարտավորությունների մարման կամ կառուցապատման աշխատանքներն իրականացնելուն: 

Ըստ Moody’s–ի, սպառողական վարկերի արագ աճը պարունակում է երկարաժամկետ ռիսկ Հայաստանի բանկային համակարգի, մասնավորապես, ակտիվների որակի համար։ Ո՞ր մակարդակի վրա է ձեր բանկի ռիսկերի կառավարումն ու գնահատումը։ Որքա՞ն է չաշխատող ակտիվների մասնաբաժինը։ 

Ա. Սարգսյան. բանկի գործունեության հետ առնչվող բոլոր ռիսկերը կառավարելի են և մշտապես գտնվում են ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո: Վարկային ռիսկի արդյունավետ կառավարումը Բանկի հիմնական առաջնահերթություններից է: Բանկի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը վերջին հաշվետու ժամանակաշրջաններում տատանվում է 4%-ի սահմաններում: 

Ինչ վերաբերում է սպառողական վարկերի պորտֆելի աճի բարձր տեմպին, ապա նշեմ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սպառողական վարկերի գծով ունի ցածր ռիսկի ախորժակ, խուսափում է վարկավորել արդեն իսկ ծարաբեռնված, վարկային բեռ ունեցող հաճախորդներին, ուստի պորտֆելի գծով ռիսկը լիարժեք կառավարելի է: 

Հարկ եմ համարում նշել նաև, որ սպառողական վարկերի աճի բարձր տեմպերի հետ կապված վերջերս իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ Կենտրոնական բանկը, որը նախատեսում է որոշակի նոր կարգավորումներ սպառողական վարկերի տրամադրման ոլորտում, ինչը կսահմանափակի հաճախորդների վարկային բեռի աճը և կնպաստի սպառողական վարկավորման ոլորտում բանկերի ագրեսիվ քաղաքականության զսպմանը:

Վերջին մի քանի տարում Հայաստանի բանկերն ակտիվորեն միջոցներ են ներգրավում լիկվիդայնություն պարտատոմսերի թողարկման միջոցով։ Ո՞ր աղբյուրներից է բանկը ներգրավում փոխառու միջոցներ։ Պատրաստվու՞մ է բանկը դուրս գալ Հայաստանի պարտատոմսերի շուկա։ 

Ա. Սարգսյան. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներգրավված միջոցների հիմնական աղբյուրը հաճախորդների ավանդներն են, ավանդային պորտֆելի ծավալով մեր Բանկը շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Ինչ վերաբերում է Հայաստանի պարտատոմսերի շուկա դուրս գալուն, ապա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ դեռևս 2016 թվականից ամեն տարի իրականացնում է պարտատոմսերի թողարկումներ և ներկայացված է Հայաստանի պարտատոմսերի շուկայում: 

Այս տարի ևս պատրաստվում ենք թողարկել պարտատոմսեր ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: 

Որքա՞ն է այսօր հաճախորդների ներգրավվածությունը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ դիջիթալ պրոդուկտներում։ Որքա՞ն հեռանկարային է այս ուղղությունը բանկի համար։ 

Ա. Սարգսյան. այսօր հաճախորդների ներգրավվածությունը Բանկի թվային պրոդուկների մեջ շատ չէ, այն կազմում է ֆիզիկական անձանց ընդհանուր բազայի 4%-ը, սակայն տվյալ ուղղությունը առաջնային է Բանկի համար: Բանկում ստեղծվում է առանձին ստորաբաժանում տվյալ պրոդուկների զարգացման համար (ինտերնետ-բանկինգ, մոբայլ-բանկինգ, էլեկտրոնային դրամապանակ): 

Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք մենք այժմ ներդնում ենք՝ համընթաց լինեն շուկայի թարմացած պահանջներին: Առաջիկայում արդեն հնարավոր կլինի խոսել թվային պրոդուկտներում հաճախորդների ներգրավվածության նկատելի ակտիվացման մասին: 

Դուք խոսեցիք զարգացած մասնաճյուղային ցանցի մասին՝ շարունակվելո՞ւ է արդյոք խոշոր քաղաքային համայնքների և մյուս բնակավայրերի միջև անհամամասնությունները մեղմելու Բանկի քաղաքականությունը, ինչ նոր մասնաճյուղեր են բացվելու առաջիկայում: 

Ա. Սարգսյան. իսկապես, մեր երկրի ցանկացած կետում ապրող քաղաքացու համար բանկային ոլորտի ծառայությունները հասանելի դարձնելը չափազանց կարևոր է: Դա նաև տարածքային համաչափ զարգացման կարևոր խնդիր է լուծում: Հայաստանի և Արցախի նույնիսկ ամենահեռավոր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պետք է հասանելի լինի, իսկ նրանց ձայնը՝ մեզ համար լսելի: 

Եվ դա առանցքային նպատակ է մեր Բանկի համար: Պատահական չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր մասնաճյուղային և բանկոմատային ցանցով գտնվում է առաջատար եռյակի մեջ: 

Այժմ ունենք ավելի քան 60 մասնաճյուղ, ընդ որում՝ Բանկն ունի նոր հայեցակարգ սպասարկման ոլորտում: Նախորդ տարի մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանում բացվեց տեխնիկապես նոր հագեցվածությամբ և հաճախորդների սպասարկման առանձնահատկություններով նոր ֆորմատի առաջին՝ «Մասիվ» մասնաճյուղը: Դրան հաջորդեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում գործարկված ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 24/7 ռեժիմով  մասնաճյուղը, որտեղ հաճախորդները շուրջօրյա կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ տեսականուց՝ ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների իրականացում, խորհրդատվություն և այլն: Վանաձորում բացվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Լոռի» մասնաճյուղը, իսկ Գյումրիում՝ փաստացի գործունեությունը սկսեց «Կումայրին». դրանք մեր Բանկի 3-րդ տարածքային ստորաբաժանումներն են Լոռու և Շիրակի մարզերում: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախ է հանդես գալիս որպես ազգային և պատմամշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունների աջակից, մշակութային միջոցառումների հովանավոր: Ինչ արձագանք ունեցան նախորդ տարի  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հովանավորությամբ անցկացված մշակութային միջոցառումները և որոնք էին դրանցից ամենահիշարժանները: 

Ա. Սարգսյան. այսօր շատ կազմակերպություններ մեծ ուշադրություն են դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։ Հայբիզնեսբանկը նույնպես հետամուտ է նման  նախաձեռնությունների իրականացմանը, Բանկը 2013 թվականից մինչ այսօր աջակցել է տասնյակ սոցիալական ծրագրերի՝ ուղղված մշակութային, մարզական, առողջապահական, կրթական  և այլ ոլորտների զարգացմանը։ 

2019 թվականին մենք նույնպես բազմաթիվ աջակցություններ ենք ցուցաբերել մշակույթի ոլորտին՝ համերգներ, թատրոններ, փառատոներ: Այդ ընթացքում սերտ համագործակցել ենք Երևանի քաղաքապետարանի, գերատեսչությունների և այլ կառույցների հետ: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ տեղի ունեցած վերջին երկու մշակութային միջոցառումներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցած «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգն էր, որին ներկա էին ՀՀ նախագահն ու վարչապետը, բարձրաստիճան հյուրեր տարբեր երկրներից: ԲԱՆԿԸ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի գլխավոր հովանավորներից մեկն էր: Մենք մշտապես կարևորել ենք մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները՝ աջակցելով դրանք սերնդեսերունդ փոխանցելու նպատակ ունեցող միջոցառումներին: 

Աչքի է զարնում նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հոգածությունը ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների նկատմամբ, քաղաքականությունը շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ… 

Ա. Սարգսյան. այո, կուզեի հիշեցնել, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Նալբանդյան փողոցի վրա գտնվող Գլխամասային գրասենյակն արդեն իսկ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արժեքավոր ճարտարապետական հուշարձան է՝ այստեղ է ժամանակին տեղակայվել Արքունական պալատն ու նահանգական գանձատունը, այս շենքում են գտնվել Առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը, տարբեր վարչական կառույցներ: Վերջերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ընդլայնել է Գլխամասային գրասենյակի տարածքը՝  ներառելով նաև  հարակից շենքը, որը նույնպես ոչ պակաս հարուստ պատմություն ունի և վերջերս է վերանորոգվել։ 

Մենք ջանք չեն խնայում, որպեսզի պահպանելով հին արժեքները՝ ստեղծվեն ժամանակից պայմաններ բարձրակարգ սպասարկման և բանկային այլ ծառայությունների մատուցման համար: Նաև, որ մայրաքաղաքի դիմագծի մեջ իր ուրույն տեղը գրավող շենքերը այսուհետ ևս ներկայանան անխաթար ճարտարապետական տեսքով և նույնքան գեղեցիկ դիտվեն նաև ապագայում: 

Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև տարբեր համայնքներով սփռված մեր մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգմանը: Դա հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկն է և լայն իմաստով, հենց այստեղից է սկսվում  մշակույթը:   

Ի՞նչ սպասելիքներ ունեք 2020 թվականին Հայաստանի բանկային համակարգի զարգացման հարցում և ի՞նչ կանխատեսումներ կան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասով։ 

Ա. Սարգսյան. այս տարի Հայաստանի բանկային համակարգում կշարունակվի մրցակցության խորացումը, բանկերը կկատարելագործեն և կընդլայնեն հատկապես առաջարկվող թվային պրոդուկտները: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ամրապնդելու է իր կայուն և մի շարք ցուցանիշների գծով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Համաձայն Բանկի՝ 2020-2023 թվականների զարգացման ռազմավարության՝ ունենալու ենք վարկավորման առավել ընդլայնված գործիքակազմ, մեր հաճախորդների համար ապահովելու ենք պրոդուկտների և ծառայությունների առավել ճկունություն, հասանելիություն և հարմարավետություն: Մենք մնում ենք հավատարիմ մեր բիզնեսի փիլիսոփայությանը՝ ապագայի հուսալի ճանապարհն անցնելու ենք միասին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post