Գոյություն ունեցող լարվածությունն ուժեղ ազդեցություն չի ունենում Հայաստանի ֆինանսական շուկայի վրա. ԿԲ նախագահ

13.09.2023 12:49
Գոյություն ունեցող լարվածությունն ուժեղ ազդեցություն չի ունենում Հայաստանի ֆինանսական շուկայի վրա. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ գոյություն ունեցող լարվածությունն ուժեղ ազդեցություն չի ունենում Հայաստանի ֆինանսական շուկայի վրա։

Այս մասին նա ասաց՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե արդյոք կարգավորիչը պահպանում է իր դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ երկրում հնարավոր են ազգային արժույթի թե՛ արժևորման, թե՛ արժեզրկման սցենարներ։

 «Քանի որ մենք խոսում ենք սցենարային զարգացման մասին, կարող է լինել, օրինակ, մի սցենար, երբ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստանում լինի ռելոկանտների նոր ներհոսք, ինչը կհանգեցնի արժույթի պահանջարկի ավելացմանը, իսկ այս դեպքում կարելի է ակնկալել դրամի որոշակի արժևորում»,- ասաց նա։

Խոսելով մեկ այլ սցենարի մասին՝ Գալստյանը օրինակ բերեց, որ հայրենակիցների կողմից մի քանի տարիների ընթացքում ստեղծված արդյունքն ուղղվում է սպառման վրա, որի մեծ մասը ներմուծվում է (բնակարանի վերանորոգում, ճամփորդություն), ինչը ենթադրում է պահանջարկ արժույթի նկատմամբ, իսկ դա կարող է հանգեցնել ընթացիկ հաշվի դեֆիցիտի առաջացման։

 «Այս դեպքում մենք կունենանք ազգային արժույթի որոշակի արժեզրկում»,- ասաց նա։

Այս կապակցությամբ ԿԲ նախագահը նշեց, որ կարգավորողը միշտ փորձում է իր գործողություններով բնակչության շրջանում չամրագրել որոշակի սպասումներ լողացող փոխարժեքի վերաբերյալ։

 «Նույնիսկ ճգնաժամի ամենադժվար ժամանակներում՝ 2020 թվականին, մեր գործողությունները, որոնք ուղղված էին նման «լողի» վախը հաղթահարելուն, չափազանց արդարացված էին։ Եվ մենք կարողացանք փոխարժեքն օգտագործել որպես գործիք` շոկը կլանելու համար: Արդյունքում, այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ որոշակի լարվածությունր, էական ազդեցություն չի ունենում ֆինանսական շուկայի վրա»,- ասաց նա։

Միաժամանակ ԿԲ ղեկավարը նշեց, որ տեսականորեն դրամի թուլացման վրա կարող է ազդել վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը։

«Ֆինանսական ակտիվի նվազող տոկոսադրույքը դառնում է պակաս գրավիչ ներդրողի տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում տոկոսադրույքների աճի միտումը դեռ շարունակվում է», - ասաց նա:

Միաժամանակ, Գալստյանն ասաց, որ ՀՀ կենտրոնական բանկն այսօր կարող է իրեն թույլ տալ իջեցնել փողի արժեքը երկրում։ «Դրա արդյունքում կլինեն կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ փոխարժեքի կամ այլ դրսևորումների համատեքստում, բայց մենք իրակագործում ենք մեր մանդատն` երկրում ունենալ 4% գնաճ»,- ընդգծեց նա։

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը ակնկալում է, որ հայկական դրամը կսկսի արժեզրկվել ընթացիկ հաշվի պակասուրդի ավելացմանն և փոխանցումների դանդաղմանը զուգահեռ։ Fitch-ի վերլուծաբանները նախկինում կանխատեսում էին դրամի չափավոր արժեզրկում 2023-2024 թվականներին մինչև ավելի բարձր մակարդակի, քան ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից հայկական դրամն առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է գրանցել։ 2022 թվականին դոլարի նկատմամբ դրամը տարեկան կտրվածքով ամրապնդվել է 19,8 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 21,7 տոկոսով, ռուսական ռուբլու նկատմամբ՝ 32,4 տոկոսով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post