ԿԲ–ն կմիջամտի իր գործիքակազմով արտարժութային շուկայի լուրջ խաթարման դեպքում

04.10.2023 12:01
ԿԲ–ն կմիջամտի իր գործիքակազմով արտարժութային շուկայի լուրջ խաթարման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Լողացող փոխարժեքի պայմաններում Կենտրոնական բանկը փոխարժեքի որևէ մակարդակ չի նպատակադրում, սակայն անընդհատ մշտադիտարկում է իրավիճակն արտարժութային շուկայում, և շուկայի լուրջ խաթարման դեպքում կմիջամտի իր գործիքակազմով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ–ից` ի պատասխան գործակալության հարցմանն այն մասին, թե ինչով է պայմանավորված արտարժույթի փոխարժեքների վարքը վերջին երկու շաբաթում, և ինչպես դա կարող է ազդել հայկական շուկայի վրա։

«Հայաստանի Հանրապետությունում գործում է արտարժույթի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմ: Փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով», – նշել են ԿԲ–ից։

Կարգավորողի կայքում ներկայացված ՀՀ արժութային սփոթ շուկայի  շրջանառության» տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 3-ի դրությամբ արտարժույթի շուկայում առքի ծավալը գերազանցել է 19 մլրդ դրամը՝ դոլարի 407,56 դրամ փոխարժեքով, եվրոյինը՝ 425,37։ դրամ, ռուբլունը՝ 4,13 դրամ, իսկ վաճառքի ծավալը կազմել է 31,2 մլրդ դրամ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ 419,33 դրամ փոխարժեքով, եվրոն՝ 442,53 դրամով, ռուբլունը՝ 4,30 դրամով։

Սեպտեմբերի 19-ից Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ օրեցօր ամրապնդվում է։ Հոկտեմբերի 2-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը գերազանցել է մեկ դոլարի դիմաց 400 դրամ հոգեբանական շեմը՝ անմիջապես ցատկելով 8,81 տոկոսային կետով` մինչև 402,21 դրամ, իսկ հոկտեմբերի 3-ին այն աճել է մինչև 413,45 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post