Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում

26.10.2023 18:37
Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․  Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Նշենք, որ տևական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են, հաղորդում է Հայաստանի ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

Եվրասիական զարգացմանը բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ 20 մլն դոլար ընդհանուր անվանական ծավալով, 1000 դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով և տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2023 թվականի օգոստոսի 15-ից 31-ը ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից:

Եվրասիական զարգացման բանկի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում լավ ցուցանիշ է առ այն, որ միջազգային կարգավիճակ ունեցող այնպիսի կառույցի կողմից, ինչպիսին ԵԶԲ-ն է, Հայաստանը դիտարկվում է որպես իրացվելիության բարենպաստ հարթակ։ Այս երևույթը կարող է ազդակ դառնալ այլ միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել և ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հայաստանի Հանրապետությունը ԵԶԲ անդամ է 2009 թվականից: Անդամակցության այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 508 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 24 նախագիծ, որոնցից միայն 6-ը 2022 և 2023 թվականներին կազմել են շուրջ 126 մլն դոլար և ներդրվել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական ոլորտները։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանը և ընդլայնմանը, ինչպես նաև իր անդամ երկրների համակողմանի զարգացմանը։ ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: ԵԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող այնպիսի նախագծեր, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքները, թվային համակարգերը, կանաչ էներգիան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և մեքենաշինության ոլորտները: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգով և ESG սկզբունքներով:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post