27.11.2023 15:43
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասաթուգու Ասակավային, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:
Մասաթուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:
Այս համատեքստում, քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
Ասիական զարգացման բանկի մասին
ԱԶԲ-ն Հայաստանի խոշորագույն գործընկերներից է բազմակողմ զարգացման ոլորտում: 2005 թվականից սկսած այս ամառվա դրությամբ, բանկը տրամադրել է ավելի քան 1,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ աջակցելով կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ տրանսպորտի էներգետիկայի ոլորտներին, ջրային տնտեսությանը և քաղաքային ենթակառուցվածքներին: Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցություն է տրամադրում կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին:
Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամ պետությունների, որոնցից 49-ը տարածաշրջանային են։ Բանկի նպատակն է ստեղծել բարգավաճ, ներառական և տոկուն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: