ՀՀ փոխվարչապետն ու ԱԶԲ նախագահը կարևորել են համագործակցության ընդլայնումը մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում

28.11.2023 14:04
ՀՀ փոխվարչապետն ու ԱԶԲ նախագահը կարևորել են համագործակցության ընդլայնումը մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավային, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններին:

Մհեր Գրիգորյանը առանձնակի կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ԱԶԲ նախագահին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքներն ու Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներին:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են համագործակցության ընդլայնման կարևորությունը ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև զբաղվածության և թվայնացման ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների շուրջ:

Ասիական զարգացման բանկի մասին

ԱԶԲ-ն Հայաստանի խոշորագույն գործընկերներից է բազմակողմ զարգացման ոլորտում: 2005 թվականից սկսած այս ամառվա դրությամբ, բանկը տրամադրել է ավելի քան 1,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ աջակցելով կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ տրանսպորտի էներգետիկայի ոլորտներին, ջրային տնտեսությանը և քաղաքային ենթակառուցվածքներին: Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցություն է տրամադրում կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին:

Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամ պետությունների, որոնցից 49-ը տարածաշրջանային են։ Բանկի նպատակն է ստեղծել բարգավաճ, ներառական և տոկուն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝  շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post