Հայաստանն ու ԱԶԲ–ն ավելի քան 120մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել

28.11.2023 10:57
Հայաստանն ու ԱԶԲ–ն ավելի քան 120մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև:

Համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ Գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը:

«Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016թ, որի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են վարկային միջոցներ՝ 88,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ներգրավել ևս 66,100,000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ ծրագրի ամբողջական իրականացումն ավարտին հասցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին համապատասխան, այդկերպ՝ շուրջ 20000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատնքերի իրականացման տարբեր փուլերում։

Նշյալ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:

Վահե Հովհաննիսյանի եւ Դոնալդ Լամբերտի միջև ստորագրվել է նաև մեկ այլ՝ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:

Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաև ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post