ԵՆԲ–ի աջակցությամբ Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կկառուցվի նոր աղբավայր

05.12.2023 10:57
ԵՆԲ–ի աջակցությամբ Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կկառուցվի նոր աղբավայր

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրներ է քննարկել բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն Լիոնել Ռապայիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվում են մանկապարտեզներ, պոլիկլինիկաները ևս ընդգրկվել են այդ ծրագրում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում նախաձեռնված ու դիտարկվող այն նախագծերը, որոնք լուրջ ազդեցություն կունենան բնակիչների կյանքի որակը բարձրացնելու տեսակետից և  կարող են հետաքրքրել բանկին:  

Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության վարչության տնօրեն  Լիոնել Ռապային իր հերթին նշել է, որ Երևանը կարևոր գործընկեր է բանկի համար, և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: 

«ԱՌԿԱ» գործակալությունը Նուբարաշենի աղբավայրի ծրագրի արժեքի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել է Երևանի քաղաքապետարան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում ԵՆԲ-ից (ԵՄ վարկային ստորաբաժանում) մայրաքաղաքի 6 կլինիկաներում և 32 մանկապարտեզներում կիրականացվի Էներգաարդյունավետության բարելավման ծրագիր՝ 25 մլն եվրոյի չափով։ Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել ԵՆԲ-ի, Հայաստանի ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև։ Այս նպատակների համար Հայաստանը ԵՄ–ից կստանա նաև 11 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհ և տեխնիկական աջակցություն Հարևանության ներդրումային հարթակի (NIP) կողմից։ Եվս 2 մլն եվրո կհատկացնի Երևանի քաղաքապետարանը։

ՀՀ–ում ԵՆԲ–ի գործունեության մասին

ԵՆԲ-ն Հայաստանի հետ համագործակցում է 2010 թվականից՝ երկրում գործող Եվրոպական հարևանության քաղաքականության Արևելյան գործընկերության ծրագրի և ԵՄ-ի հետ այլ երկկողմ համաձայնագրերի համաձայն։ Վերջին տասնամյակում բանկը ֆինանսավորել է մի շարք նախագծեր՝ սկսած ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսից մինչև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ: ԵՆԲ–ն նաև ֆինանսավորում է անդրսահմանային հաղորդակցությունների կառուցումը` բարելավելու ճանապարհների անվտանգությունն ու կայունությունը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post