Հայաստանը ՕՊԵԿ–ից կստանա 50մլն եվրոյի վարկ

12.12.2023 13:55
Հայաստանը ՕՊԵԿ–ից կստանա 50մլն եվրոյի վարկ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի հետ համաձայնագիրը, ըստ որի՝ 50 մլն եվրոյի վարկ կտրամադրվի կանաչ, կայուն և ներառական զարգացում ապահովելու համար։

Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանի խոսքով, ի սկզբանե ենթադրվում էր, որ միջոցները կհատկացվեն բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, սակայն քանի որ բյուջեն արդյունքում ավելցուկով էր, որոշվել է վարկային միջոցներն օգտագործել կապիտալ ներդրումների, օրինակ՝ դպրոցների շինարարության համար և այլն։

Նա ասաց, որ վարկը տրամադրվում է 20 տարով, որից 5 տարին արտոնյալ ժամկետ է։ Տոկոսադրույքը բաղկացած է երկու բաղադրիչից՝ վեցամսյա EURIBOR և ֆիքսված սպրեդ՝ 1,6%: Ֆինանսների նախարարության տվյալներով, փաստացի տոկոսադրույքը կկազմի 5,6 տոկոս։

Ընդդիմությունն իր հերթին նշել է, որ ներկայացված նախագծում ներառված չեն այն ոլորտներն ու նախագծերը, որոնց վրա նախատեսվում է ծախսել այդ միջոցները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ այն, որ վարկը վերցվում է բյուջեի ընթացիկ կարիքները հոգալու համար, այլ ոչ թե թիրախային նախագծերի համար, հանգեցնում է տոկոսադրույքի բարձրացման։

Բացի այդ, նա նշել է, որ թիրախային նախագծերի համար վարկային միջոցներից բացի կարելի էր ստանալ դրամաշնորհներ, ինչը փաստացի կնվազեցներ տոկոսադրույքը։ Նրա խոսքով, կառավարությունն այս ճանապարհով չգնաց, քանի որ «քրոնիկ կերպով ձախողում է միջազգային նախագծերը»։

Սրան ի պատասխան՝ Հակոբյանը նշել է, որ քանի որ բյուջեն ավելցուկային է, միջոցներն ուղղվելու են ոչ թե ընթացիկ ծախսերն ապահովելու, այլ զարգացում ապահովող նախագծերի ֆինանսավորմանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post