21.12.2023 15:07
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում կայացավ «Հանրագիտարան փողի մասին» մանկական գրքի շնորհանդեսը։
Փողի մասին մանկական այս հանրագիտարանի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել այն մասին, թե ինչ է փողը, ինչպես գրագետ տնօրինել այն, ինչպես փող աշխատել և կարողանալ այն մտածված ծախսել։
Շնորհանդեսի ընթացքում «Հայբուք» հրատարակչության տնօրեն Լորիս Վարդանյանը նշեց, որ հանրագիտարանում կան գլուխներ, որոնք օգտակար են ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։
Նա նշեց, որ գիրքը հրատարակվել է 3 հազար տպաքանակով, այն արդեն կարելի է ձեռք բերել Երևանի և մարզերի գրախանութներից 5,9 հազար դրամով (մոտ 14,5 դոլար)։
Վարդանյանն ընդգծեց, որ դպրոցների և գրադարանների համար գործում է հատուկ զեղչ։
Հանրագիտարանը թարգմանվել է անգլիական հեղինակավոր «Dorling Kindersley» հրատարակչության նույնանուն անգլերեն տարբերակից։ Հանրագիտարանի հեղինակը՝ Կալպանա Ֆիթսպատրիկը, մրցանակակիր լրագրող է՝ ֆինանսական լրագրության ոլորտի մեծ փորձով։ Գրքի ստեղծմանը մասնակցել է նաև խմբագիրների, դիզայներների և նկարիչների մի մեծ խումբ, որոնց շնորհիվ գիրքը ներկայանում է գունագեղ տեսքով և հետաքրքիր բովանդակությամբ։
Երեխան, կարդալով այս գիրքը, կծանոթանա մի շարք ֆինանսական թեմաների, ինչպիսիք են, օրինակ՝ մտածված կառավարել իր գրպանի փողը, պլանավորել իր նպատակները և ֆինանսները, խնայել և ներդրումներ կատարել, ճանաչել և զգուշանալ խարդախություններից, ինչպես նաև ֆինանսական աշխարհին վերաբերող այլ թեմաներ։
Ֆինանսական գրագիտության մասին
2008թ․–ին Կենտրոնական բանկը՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, իրականացնում է Ֆինանսական կրթման ծրագիրը, որի նպատակը ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է։
Ֆինանսական գրագիտության բարձր մակարդակը նպաստում է անձնական բարեկեցությանը, որին հասնելու համար՝ ըստ հետազոտությունների, անհրաժեշտ է վաղ տարիքից սկսել ծանոթանալ ֆինանսների աշխարհին։
Հանրագիտարանի շնորհանդեսի ընթացքում ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը նշեց, որ 2014թ․–ից հանրապետության բնակչության ֆինանսական կրթվածության մակարդակը կազմել է 44,5%։ Ծրագրի իրականացումից հետո 2019թ․–ին մակարդակը բարձրացել է 2,3%–ով և հասել 46,8%–ի։
«Ներկա ծրագրով մենք նախատեսում ենք մինչև 2025թ․–ը այդ ցուցանիշը հասցնել մինչև 50%», – ասաց Ղահրամանյանը։ Նրա խոսքով, հանրագիտարանը, ի թիվս այլ գործիքների, կօգնի հասնել այս արդյունքին:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: