ԿԲ–ն հաստատել է մի շարք փոփոխություններ արժեթղթերի շուկայի զարգացման համար

09.01.2024 11:22
ԿԲ–ն հաստատել է մի շարք փոփոխություններ արժեթղթերի շուկայի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թ. դեկտեմբերի 26-ի նիստում նոր խմբագրությամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանությունը» և ««Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման ժամանակ ոչ պետական պարտատոմսերի (կորպորատիվ արժեթղթերի) նկատմամբ կիրառվող չափանիշները»։

Ինչպես հայտնում են ԿԲ–ից, նոր խմբագրությամբ հաստատված փոփոխություններն առավել հստակ ու թափանցիկ են դարձնելու «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացը: Մասնավորապես, արժեթղթեր թողարկող կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախքան արժեթղթերի թողարկումը հստակեցնել՝ արդյո՞ք թողարկվող արժեթուղթը (պարտատոմսը) կարող է ընդունելի լինել Կենտրոնական բանկի հետ ռեպո գործառնությունների համար, թե՞ ոչ:

Առավել պարզեցվելու է վարկանիշ ունեցող պարտատոմսերի՝ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում ներառվելու գործընթացը:

Այս փոփոխությունները Կենտրոնական բանկին հնարավորություն կտան նաև կիրառել ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի վարկային ռիսկի գնահատման նոր մեխանիզմներ, իսկ ակտիվների կառավարման տեսանկյունից՝ ավելի արդյունավետ գնահատել և նվազեցնել Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերը:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ վերջինս կնպաստի նաև արժեթղթերի շուկայի զարգացմանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post