ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը

19.03.2024 15:28
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը։

«Ի պատասխան մարտի 19-ի Ձեր հարցման, հայտնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ՝ ի գպատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը։

ՀՀ–ում «Мир» քարտերի սպասարկման մասին

ՌԲԿ-ն այսօր հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի «դուստրը»)։

ՎՏԲ–Հայաստան Բանկից հայտարարեցին, որ մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։

«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը։ ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով», – հայտնում է ՎՏԲ–Հայաստան Բանկից։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մեկնաբանության համար դիմել է նաև Armenian Card վճարային համակարգ։

Պատժամիջոցների վերաբերյալ ԿԲ–ի դիրքորոշման մասին

Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը Capital Markets Armenia կոնֆերանսի ժամանակ ասել է, որ Հայաստանը չի միացել պատժամիջոցների որևէ ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին։ «Մենք ողջունում ենք, որպեսզի Հայաստանը դառնա կենտրոն օտարերկրյա արժեթղթերի առուվաճառքի համար... Մեկ այլ տեսանկյունից՝ անհրաժեշտ է շատ հստակ հետևել ինչպես փողերի լվացման, այնպես էլ պատժամիջոցների դեմ պայքարի բոլոր պահանջներին», – ասել է նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post