Կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը կարելի է փոխել առցանց․ քայլ առ քայլ հրահանգ

22.03.2024 13:34
Կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը կարելի է փոխել առցանց․ քայլ առ քայլ հրահանգ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/ԱՌԿԱ/․ Կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարելի է ներկայացնել առցանց (օնլայն) դիմում։ 

Ինչպես հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝ 

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը՝ հետևյալ հղմամբ՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension

ՔԱՅԼ 2․ Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի կամ կմերժի դիմումը (նշելով մերժման պատճառները)։ Դիմումը հաստատվելուց հետո այդ մասին հաղորդագրություն կուղարկվի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Արդյունքում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից կենսաթոշակը կվճարվի դիմումով ընտրված բանկով։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դիմումը մուտքագրելուց առաջ, եթե նախկինում գրանցված չեք եղել soscervice.am կայքէջում, պետք է սեղմել հարթակի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցում» կոճակի վրա և համապատասխան դաշտում լրացնել պահանջվող անձնական տվյալները։ 

Բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք

Միասնական սոցիալական ծառայությունն օրերս հայտնել էր, որ սկսած մարտի 30-ից հետվճարի (քեշբեքի) ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝

• «Ակբա բանկ» ԲԲԸ

• «ԱյԴի բանկ» ՓԲԸ

• «Արարատբանկ» ԲԲԸ

• «Արդշինբանկ» ՓԲԸ

• «Արցախ բանկ» ՓԲԸ

• «Էվոկաբանկ» ՓԲԸ

• «Ինեկոբանկ» ՓԲԸ

• «Կոնվերս բանկ» ՓԲԸ

• «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ (նախկին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ)

• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

• «Յունիբանկ» ԲԲԸ

Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post