Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի և ԱՄՆ–ի ճնշման արդյունքում հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ․ Պեսկով

01.04.2024 15:23
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի և ԱՄՆ–ի ճնշման արդյունքում հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են աշխատել «Мир» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ԱՄՆ–ի ճնշումը «չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ ընկերների հետ՝ սեփական ռիսկերը հեջավորելու և իրավիճակը շտկելու համար»։

«Մենք կշարունակենք քննարկել և փոխհատուցել այն վնասը, որը պատճառում է  ամերիկացիների այս աննախադեպ ճնշումը», - ասել է Պեսկովը երկուշաբթի կայացած ճեպազրույցում։

ՀՀ–ում «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի մասին

Հայաստանում բանկերի մեծ մասը մարտի 30-ից դադարեցրել է աշխատել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերի հետ՝ պատժամիջոցների ռիսկերի ֆոնին։ ՎՏԲ Հայաստան Բանկը, որն իր ենթակառուցվածքում ամբողջությամբ սպասարկում է «Мир» քարտերը, կշարունակի աշխատել ռուսական քարտերով։

Ավելի վաղ ՀՀ ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ Հայաստանի տարածքում «Мир» քարտերի սպասարկումն արգելելու որոշումը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է։ Նա նաև կարծում է, որ Հայաստանը չպետք է շրջանցի Արևմտյան մի շարք երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

«Мир» քարտերը Հայաստանում գործում են 2017 թվականից՝ НСПК -ի և «Armenian Card»-ի համատեղ նախագծի շրջանակում, որի համաձայն երկու երկրների ենթակառուցվածքներում փոխադարձաբար ընդունվում են ազգային քարտերը՝ ArCa քարտերը՝ Ռուսաստանում, «Мир» քարտերը՝ Հայաստանում։ Հայկական որոշ բանկեր թողարկում էին նաև ArCa- Мир քոբեյջինգային քարտեր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post