«Սպասումներից վեր»․ Երևանում քննարկել են ՀՀ–ում Ozon–ի զարգացումն ու խնդիրների լուծումը

04.04.2024 20:04
«Սպասումներից վեր»․ Երևանում քննարկել են ՀՀ–ում Ozon–ի զարգացումն ու խնդիրների լուծումը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանում տեղի է ունեցել ձեռներեցների համար նախատեսված «COM.E On» առաջին բիզնես ֆորումը Ozon–ի հետ աշխատանքի մասին։ Թիրախային լսարանը ցանկացած ինտերնետ խանութի, մարքեթփլեյսի, վաճառողներն են, պատվերի ստացման կետերի սեփականատերերն ու բոլոր ձեռներեցները, ովքեր ուզում են զբաղվել էլեկտրոնային առևտրով։

Ozon–ի ԱՊՀ–ում գործարքների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնի խոսքով, ֆորումի հիմնական նպատակներից է մարքեթփլեյսին միանալու և Ozon–ի միջոցով վաճառելու հնարավորությունը, ինչպես նաև իրազեկումն այն մասին, որ ռուսական մեծ շուկայից բացի կա նաև էլեկտրոնային կոմերցիայի աճող շուկա Հայաստանի ներսում։

Ֆորումի շրջանակում ներկայացվեցին մի շարք արդեն իրագործված և նախատեսված լուծումներ, որոնք ուղղված են ՀՀ–ում Ozon–ի գործարկման պահից լոգիստիկ թերությունների վերացմանը։

Ինչու՞ Հայաստանում վաճառողն ու գնորդը պետք է  ընտրեն Ozon

«Ozon–ը, նախ և առաջ, RuNet-ի ամենահայտնի մարքեթփլեյսերից է. 72 միլիոն օգտատերերից 46 միլիոնը օգտվում են Ozon-ից: Համապատասխանաբար, սա այն վայրն է, որտեղ մեծ թվով գնորդներ հետաքրքրում են վաճառողներին, և մենք, մեր հերթին, վաճառողին տրամադրում ենք հարմար և լավ ապրանքներ. նրա համար հեշտ է մտնել և արագ կատարել գրանցվելու հետ կապված առաջին քայլերը ու հասնել առաջին վաճառքների»,- նշեց Սապոնը։

«Սպասումներից վեր» կամ ինչ առանձնահատկություններ ունի հայկական շուկան

Նշելով, որ Ozon–ի ընդհանուր շրջանառությունը 2023թ․–ի արդյունքում կազմել է 1,7 տրիլիոն ռուբլի, Սապոնը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, պարզաբանեց, որ ընկերությունը հայկական շուկան հեռանկարային է համարում։

«

«Այն աճում է և աճում է բազմակի անգամ։ Մենք գործարկվել ենք միայն նախորդ տարի, և արդեն հիմա Հայաստանում ունենք աճի լավ տեմպեր, որոնք նախատեսում ենք պահպանել և շարունակել աճել», – ասաց ԱՊՀ–ի մասով տնօրենը։

Հայկական շուկայի առանձնահատկությունների թվում նա նշեց մեծ բիզնես ակտիվությունը։

«Այստեղ՝ Հայաստանում, մենք տեսանք շատ մեծ ցանկություն և ձեռնարկատիրական ակտիվություն, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսում, պատվերների ստացման կետերի զարգացման մասով, ինչպես նաև վաճառողների ակտիվություն, ովքեր ցանկանում են գրանցվել և ապրանքներ մատակարարել մարքեթփլեյս։ Սա մեր սպասումներից վեր է և ավելի բարձր է, քան մյուս երկրներում», – նշեց Սապոնը։

Մրցակցություն և առավելություններ

ՀՀ–ում Ozon–ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը նաև նշեց ներքին շուկայի մեծ ակտիվությունը։

«Մեր փորձը, շուկայի արձագանքն այն սիներգիան է, որը կօգնի ակտիվորեն զարգանալ։ Լոկալ թիմը կարող է հանդիպել տեղում, օգնել վաճառողներին, ինչը չի կարելի ասել մյուս մրցակիցների մասին, որոնք ևս զբաղվում են նման բիզնեսով։ Դրանում է մեր առավելությունը, և դա թույլ է տալիս հավատալ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակներին», – ասաց նա։

Սապոնն իր հերթին նշեց, որ հաշվի առնելով շուկայում նաև այլ դերակատարների ներկայությունը՝ Ozon–ի թիմը գիտի և հասկանում է, որ ընկերության տեսականին պահանջված է։

 «Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած մրցակցի, քանի որ որքան ուժեղ է մրցակիցը, այնքան ուժեղ պետք է դառնանք մենք», – ասաց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ի՞նչ են ամենից շատ գնում և վաճառում Հայաստանում

 Հայաստանում գնորդների շրջանում ամենամեծ պահանջարկն ունեն էլեկտրոնիկան, փոքր կենցաղային տեխնիկան, կոսմետիկ միջոցները, երեխաների խնամքի միջոցները, կենդանիների սնունդը և վիտամինները։

«Ավելի քան 2500 ձեռնարկատեր Հայաստանում արդեն գրանցվել է Ozon-ում՝ որպես վաճառող։ Հիմնական կատեգորիաները, որտեղ նրանք աշխատում են, էլեկտրոնիկա է, կենցաղային ապրանքները, գեղեցկությունը և առողջությունը: Հայաստանում օրական արդեն կատարվում է ավելի քան 5000 պատվեր, և դա մեր հավելվածի ամսական 170 հազար օգտատեր է»,- պարզաբանեց հայաստանյան տնօրենը՝ հավելելով, որ այս լսարանը կաճի։

Բացի այդ, նրա խոսքով, ամսական պատվերների քանակը կրկնապատկվում է, իսկ վաճառողների շրջանառությունն ամեն ամիս եռապատկվում է։

Լոգիստիկ խնդիրներ և լուծումներ

 Գործարկումը Հայաստանում չանցավ առանց դժվարությունների. կային լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, կային վերադարձներ, և ոչ ամբողջ տեսականին էր հասանելի հայ գնորդներին։

«Մենք բախվեցինք մեծ թվով պատվերների հետ, որոնք չէինք սպասում։ Երևանի տեսակավորման կենտրոնը, մեր պահեստային հնարավորություններն ու աշխատանքային պայմանները Ռուսաստանում թույլ չտվեցին մեզ մշակել պատվերների ծավալը։ Հետևաբար, դրանք երկար էին գալիս, երբեմն մնում նույն կետում, և վաճառողները բախվում էին մեծ թվով վերադարձերի հետ: Ամբողջ տեսականին հասանելի չէր հայ գնորդներին»,- պարզաբանեց Հախվերդյանը։

Խնդրին անդրադարձավ նաև ԱՊՀ–ի գծով տնօրենը։ «Երևանից Մոսկվա ապրանքների առաքման արագությունը 12 օր էր։ Իհարկե, երկար ժամկետն ավելացնում է հաճախորդի դժգոհությունը և մեծացնում արտադրանքի վերադարձերը: Տեսնելով այս խնդիրը՝ մենք հոգացել ենք, որպեսզի այն լուծվի»,- ասաց Սապոնը։

Մասնավորապես, ապրիլին Հայաստանի պահեստներից մեկում կգործարկվի ապրանքների փաթեթավորման ծառայություն՝ պարզապես պետք է բերել ինտերնետով պատվիրված ապրանքը տեսակավորման կենտրոն, որտեղ այն կփաթեթավորվի։

Մայիսին կներդրվի cross-docking ծառայությունը։ «Դուք պետք է ապրանքի խմբաքանակ բերեք, հանձնեք այստեղ տեսակավորման կենտրոն, և մենք կտեղափոխենք այն պահեստ, որը դուք տեսնում եք տեղադրման համար», - ասաց Սապոնը՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է կարճ ժամկետներում Ռուսաստանում գտնվող գնորդին «հասնելու» համար։

Բացի այդ, հունիսին հնարավորություն կընձեռվի ապրանքները պահել Երևանի պահեստում։ «Այն ապրանքները, որոնք նախատեսում եք վաճառել մարքեթփլեյսում, հնարավոր կլինի պահել այստեղ՝ պահեստում», – ասաց նա։

Այս միջոցառումների շնորհիվ նախատեսվում է ավելացնել մատակարարումների հաճախականությունը։ Եթե հիմա Հայաստանից Ռուսաստան բարձումը տեղի է ունենում շաբաթական 2–3 անգամ, ապա մոտ ապագայում նախատեսվում է այս ցուցանիշը դարձնել շաբաթական 5–7 անգամ։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են Հայաստանում անհասանելի որոշ ապրանքներ, բանախոսների կարծիքով, ամեն ինչ պայմանավորված է միջազգային առևտրի պաշտոնական օրենսդրական սահմանափակումներով, ինչպես նաև լոգիստիկ սահմանափակումներով։

 «Ոչ բոլոր ապրանքները կարելի է արագ և հեշտությամբ փոխադրել երկրների միջև: Բացառապես սրանով են պայմանավորված սահմանափակումները Հայաստանի համար՝ որպես Ozon–ում ապրանքների գնորդի։ Բայց միևնույն ժամանակ սա հսկայական հնարավորություն է վաճառողների համար, մասնավորապես Հայաստանից, վաճառելու այն ապրանքները, որոնք հասանելի չեն Ռուսաստանից պատվերների համար»,- ասաց Հախվերդյանը՝ հավելելով, որ վաճառողները կարող են զբաղեցնել այդ նշաձողը, և ապրանքներն իրացնել տեղական շուկայում հայ գնորդների շրջանում։

Ինչպես պետությունը կարող է օգնել լոգիստիկ խնդիրների հարցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության խորհրդական Կարեն Մուրադյանը հիշեցրեց «Վերին Լարս» անցակետում ապրանքների տեղափոխման հետ կապված պարբերաբար առաջացող խնդիրների մասին։ Նա ավելացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է այդ հարցերով ամենօրյա ռեժիմով։

 «Մեր տնտեսվարող սուբյեկտներից ազդանշաններ ենք ստանում որոշակի սահմանափակումների մասին։ Եթե ​​այդ սահմանափակումները կապված չեն կլիմայական պայմանների հետ, ապա մենք կիրառում ենք ցանկացած միջոց, այդ թվում՝ վարչական՝ մեր ապրանքների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք ապահովելու համար»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այդ աշխատանքն իրականացվում է ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ։

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը հիշեցրեց նաև Փոթի նավահանգստից Նովոռոսիյսկի նավահանգիստ լաստանավային տեղափոխման ծառայության մշակման մասին։ Նրա խոսքով՝ այս երթուղին ակտիվորեն չի դիտարկվում մի շարք օբյեկտիվ պատճառներով՝ այն ավելի թանկ է և ժամկետներով ավելի երկար։ 

«Մենք դեռ մի քանի երթուղիներ ենք մշակում, բայց սա ավելի մեծ հարց է, քան պարզապես ապրանքների առաքումը A կետից B կետ: Սա մեծ տարածաշրջանային նախագիծ է», - ասաց Մուրադյանը:

Ozon–ի մասին 

Ozon-ը առաջատար մարքեթփլեյս է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը: Հարթակում ներկայացված է ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակ՝ ավելի քան 20 կատեգորիաներում: Ozon–ն ունի ամենամեծ լոգիստիկ ցանցերից մեկը Ռուսաստանում և ԱՊՀ-ում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքով, տեսակավորման կենտրոններով, ինչպես նաև ավելի քան 2,5 միլիոն քառ.մ ընդհանուր մակերես ունեցող dark store–երով։

 2023 թվականի արդյունքում ակտիվ գնորդների թիվը մեկ տարում ավելացել է 31%-ով ՝ հասնելով 46 միլիոնի: Ozon–ում պատվերների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ հասնելով 950 միլիոնի: 2023 թվականի վերջում Ozon-ում վաճառողների թիվը գերազանցել է 450 հազարը։

2020 թվականից Ozon–ը զարգացնում է միջազգային բիզնեսը։ Այս պահին ընկերությունը գործում է 8 երկրներում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Հայաստան, Ուզբեկստան, Չինաստան, Թուրքիա։

Ozon Հայաստանի մասին

Ozon-ը Հայաստանի բնակիչների համար վաճառքներ է սկսել 2023 թվականի հուլիսին։ Ընկերությունը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկել 2 հազար քառ. մետր մակերեսով սեփական տեսակավորման կենտրոնը Հայաստանի մայրաքաղաքում։ 2023 թվականի նոյեմբերին ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանում բացվել են Ozon–ի առաջին ստացման կետերը։ Այս պահին հանրապետության ողջ տարածքում գործում է պատվերների ստացման 192 կետ։ -0-

Գովազդ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post