Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հաջորդ շաբաթ կարող են շարունակել իրենց աճը

20.07.2011 11:38
Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հաջորդ շաբաթ կարող են շարունակել իրենց աճը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոսկու գնանշման վստահ աճը շարունակվեց նախորդ ողջ շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում ոսկին կարողացավ թարմացնել իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1594,10 ԱՄՆ դոլար: Այս ամենն ուներ մի քանի պատճառ՝ առաջին հերթին եվրագոտու պարտքային խնդիրների կապակցությամբ պահպանվող մտավախությունն ու Եվրոպայի առավել խոշոր տնտեսությունների վրա ֆինանսական խնդիրների տարածման ռիսկերը: Իտալիայի և Իսպանիայի կապակցությամբ շուկայի մասնակիցների նոր մտավախությունները հանգեցրին ոսկու կտրուկ գնման՝ որպես ապաստան-ակտիվի:

Երկրորդ` երեքշաբթի՝ հուլիսի 12-ին հրապարակված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի վերջի նիստի արձանագրությունը ցույց տվեց, որ ԴՊՀ-ի որոշ ղեկավարներ առաջարկել են քննարկել խթանիչ հետագա միջոցների հնարավորությունը, եթե տնտեսության վերականգնման տեմպերը մնան չափազանց դանդաղ: Այլ անդամներ նշել են գնային կայունության ռիսկերը: Այս ամենը ևս աջակցել է ոսկու գնանշմանը:

Կրակի վրա յուղ ավելացրեց Moody’s վարկանիշային գործակալությունը, որը նվազեցրեց Իռլանդիայի վարկային վարկանիշը՝ Ваа3-ից հասցնելով Ва1-ի՝ բացասական կանխատեսմամբ՝ հղում անելով իռլանդական տնտեսության պահպանվող թուլությանը: Fitch վարկանիշային գործակալությունը չորս աստիճանով նվազեցրեց Հունաստանի վարկային վարկանիշը՝ հասցնելով ССС-ի և հայտարարելով, որ այս ամենը կապված է ԵՄ-ի և ԱՄՀ-ի՝ վստահության արժանի օգնության ծրագրի բացակայության հետ: Գործակալությունը նշեց նաև մասնավոր վարկատուների դերի բարձր անորոշությունը այս երկրին ֆինանսական օգնության ցուցաբերման ծրագրերում և Հունաստանի թուլացող մակրոտնտեսական հեռանկարները:

Այս ամենի արդյունքում ոսկու արժեքը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ավելացավ 3,2 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1593,30 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ ոսկու դինամիկան հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությամբ, ինչպես նաև եվրագոտու պարտքային խնդիրների շուրջ տիրող իրավիճակով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ամերիկյան անշարժ գույքի հունիսյան տվյալների, ինչպես նաև ԱՄՆ-ում ներդրումային կապիտալի ներհոսքի վերաբերյալ մայիսյան տվյալների հրապարակումը: Եվրագոտուց ակնկալվող նորություններից կարելի է նշել Գերմանիայում հուլիսին գործարար միջավայրի պայմանների և տրամադրությունների IFO և ZEW ինստիտուտների համաթվերը:

Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոն կրկին եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդիրների շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են: Ակնհայտ է դառնում, անցյալ շաբաթ Հունաստանի պարտքի խնդիրների լուծման զգալի առաջընթացից հետո Եվրոպան դեռ շատ խնդիրներ ունի լուծելու՝ պարտքի ճգնաժամի հաղթահարման համար, ինչը հետագայում ևս կաջակցի ոսկու պահանջարկին: Ավելին, ԱՄՆ-ում խթանող միջոցառումների երրորդ փուլի իրականացման հնարավորությունը ևս կաջակցի թանկարժեք մետաղի պահանջարկին:

Ըստ մեր գնահատականների՝ շուկայում կան բոլոր նախադրյալները ոսկու արժեքի հետագա աճի համար: Առաջիկա շաբաթ դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1615 ԱՄն դոլարը: Ոսկու արժեքի աճը կարող են զսպել ամերիկյան անշարժ գույքի շուկայից ստացվող հունիսյան բացասական տվյալները: Առաջիկա շաբաթ թանկարժեք մետաղի համար որպես աջակցություն հանդես կգա տրոյական ունցիայի դիմաց 1568 ԱՄՆ դոլարի մակարդակը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը 0,4 տոկոսով աճել է և հասել մեկ ֆունտի դիմաց 4,4145 ԱՄՆ դոլարի։ Կարմիր մետաղի արժեքի աճի հիմնական գործոնը Չինաստանի արդյունաբերական արտադրության դրական վիճակագրությունն էր, որը հունիսին, տարեկան արտահայտությամբ, ավելացել է 15,1 տոկոսով՝ կանխատեսված 13,1 տոկոսի համեմատ: Դրական էր նաև երկրորդ եռամսյակում չինական տնտեսության աճի տեմպերի վիճակագրությունը՝ տարեկան կտրվածքով 9,6 տոկոս՝ կանխատեսված 9,5 տոկոսի համեմատ:

Սակայն չնայած այս ամենին՝ պղնձի գնանշումը դեռ ցածր է փետրվարին գրանցված առավելագույն ցուցանիշներից: Պղնձի արժեքի աճին խոչընդոտում են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղման կապակցությամբ մտավախությունները: Վերջերս ամրապնդվող դոլարը շարունակում է խոչընդոտել կարմիր մետաղի արժեքի աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը հիմնականում կորոշվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տնտեսական լուրերով, ինչպես նաև եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային ճգնաժամի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Եթե ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայի հունիսյան տվյալները կանխատեսվածից ավելի լավ լինեն, ապա պղնձի արժեքը կշարունակի աճել: Այս շաբաթ պղնձի համար դրական ֆոն են մնում նավթի բարձր գները:

Սակայն եվրագոտում պարտքային ճգնաժամի ավելացման ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի շարունակության կամ ԱՄՆ-ից մակրոտնտեսական բացասական տվյալների հրապարակման դեպքում պղնձի գնանշումը կարող է անկում ապրել: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,30–4,52 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորորշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post