ՀՀ ԿԲ-ն 8,5 % մակարդակում է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

10.08.2011 14:29
ՀՀ ԿԲ-ն 8,5 % մակարդակում է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նախօրեին կայացած նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8,5 %, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն, հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա ցուցանիշը, նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ, նվազել է 2,2 տոկոսային կետով՝ մինչև 6,3 %:

ԿԲ Խորհուրդը փաստել է գնաճային միջավայրի մեղմացումը, ինչը պայմանավորված է մակրոտնտեսական ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումներով։ Այդուհանդերձ, նիստում նշվել է, որ վերջերս համաշխարհային տնտեսությունում ձևավորված պարտքային խնդիրները և միջազգային ֆոնդային բորսաների անկայունությունը զգալիորեն ուժեղացնում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների կանխատեսումների անորոշությունը։

Միաժամանակ նշվում է, որ ներքին պահանջարկի դեռևս դանդաղ վերականգնումը, հարկաբյուջետային զսպող քաղաքականությունը և տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը նույնպես կնպաստեն կանխատեսելի միջակայքում գնաճի տեմպերի շարունակական կրճատմանը։

ԿԲ Խորհուրդը կարծում է, որ համաշխարհային հումքային, ապրանքային շուկաներում և ներքին տնտեսություններում գնաճային միջավայրի մեղմացման շարունակման, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտի ավելի բարենպաստ պայմանների արդյունքում 12-ամսյա գնաճի կրճատման տեմպերի արագացում է ակնկալվում, և տարեվերջին կձևավորվի 4% ±1,5% տատանումների ընդունելի միջակայքի շրջանակներում՝ կայունանալով կանխատեսվող միջակայքի մակարդակում։

«Հաշվի առնելով համաշխարհային շուկայի ներկա իրավիճակը, ԿԲ խորհուրդը դեռևս ձեռնպահ է մնում դրամավարկային քաղաքականության թուլացումից»,- նշվում է հաղորդագրությունում։ Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով 2011 թվականի ապրիլի 13-ին՝ հասցնելով այն 8,5 տոկոսի։

Հայաստանի 2011 թվականի պետբյուջեի համաձայն, հանրապետությունում գնաճը նախատեսված է 4% (±1,5%) չափով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post