13.06.2023 14:23
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն ակնկալում է, որ գնաճը մեկ տարվա ընթացքում կկայունանա ՀՀ ԿԲ թիրախի՝ 4 տոկոսի մակարդակում։ Այս մասին նշվում է ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ նոր «Պահուստային ծրագրի» առաջին ամփոփիչ ստուգման ավարտի արդյունքում։
Նշվում է, որ գնաճային ճնշումները 2022 թ. վերջից 2023 թ.-ի սկիզբը սկսեցին մեղմանալ։
«Գնաճի ցուցանիշը 2023 թ. ապրիլին նվազեց՝ կազմելով 3.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), հիմնականում բազայի ազդեցությունների և սննդամթերքի ու տրանսպորտի գների արագ նվազման հաշվին։ Սակայն բնականոն գնաճը 2023 թ.-ի ապրիլին պահպանվեց գնաճի ցուցանիշից բարձր՝ 4.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՀ–ից նշում են, որ գնաճային ճնշումների հիմնական աղբյուրն անվանական աշխատավարձերի երկնիշ աճը և ծառայությունների գների աճն էին։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, գնաճը 2023թ.–ի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, կազմել է 1,3 տոկոս, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ` արձանագրվել է 1,8 տոկոսի գնանկում։ ԿԲ–ի մարտի կանխատեսման համաձայն` 12–ամսյա գնաճն աստիճանաբար կդանդաղի և 2023թ.–ի երկրորդ կեսին կկայունանա 4% թիրախային ցուցանիշի շուրջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: