Եվրոպական ուժեղ դերակատարի կողմից ցուցաբերվող աջակցությունն AMX-ին դրական գործոն է, բայց անհրաժեշտ է համբերել. Freedom Holding 

14.08.2023 14:56
Եվրոպական ուժեղ դերակատարի կողմից ցուցաբերվող աջակցությունն AMX-ին դրական գործոն է, բայց անհրաժեշտ է համբերել. Freedom Holding 

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Եվրոպական ուժեղ դերակատարի աջակցությունը դրական գործոն է, որը թույլ կտա բարձրացնել Հայկական բորսայի (AMX), ֆոնդային շուկայի կարգավիճակը և ներդնել ավելի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Այս մասին հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է տեսնում AMX-ի զարգացումը՝ հաշվի առնելով Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնումը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ տեխնոլոգիական առումով Հայկական բորսան առանձնանում է տարածաշրջանում գործող մյուս բորսաներից՝ զարգացման գործում, մասնավորապես, Nasdaq-ի մասնակցության շնորհիվ:

Փորձագետը նաև նշել է, որ լուրջ խոչընդոտ է տեսնում ոչ ռեզիդենտների ներգրավման հարցում:

«Իմ կարծիքով, հիմնական խոչընդոտն այն է, որ ոչ ռեզիդենտների ներգրավումը բավականին բարդ և երկար գործընթաց է: Առաջին հերթին արտասահմանում ներդրումներ են անում պրոֆեսիոնալ ներդրումային ընկերություններն ու հիմնադրամները, որոնք այնտեղ ունեն սահմանաչափեր ներդրումների մասով: Բայց, իհարկե, նրանց հետաքրքրում է իրացվելիությունը, և եթե երկրի բորսայական շուկայում բարձր իրացվելիություն չկա, ապա այս դեպքում հատկացվող սահմանաչափը բարձր չի լինի, համապատասխանաբար, նրանց ազդեցությունը շուկայի և առևտրի ծավալների վրա զգալի չի լինի», - հայտարարել է նա:

Կլյուշնևը կարծում է, որ այս դեպքում հարկավոր է պարզապես համբերել:

«Ֆոնդային բորսայի և ընդհանուր առմամբ ֆոնդային շուկայի կարգավորման որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ոչ թե Կենտրոնական բանկի ազդեցությամբ, այլ հենց բորսայի նախաձեռնությամբ, որը կձգտի համապատասխանել եվրոպական և համաշխարհային չափանիշներին», - ասել է նա:

2022թ.–ի մայիսի 24–ին ՀՀ ԿԲ Խորհուրդը հավանություն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից (WFB) AMX–ի գնման գործարքին, իսկ նույն տարվա հունիսի 28–ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և WFB–ի Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիեթլը ստորագրեցին AMX–ի վերահսկիչ փաթեթի վաճառքի մասին համաձայնագիրը։ Այսպիսով, WFB–ին ձեռք բերեց AMX-ի բաժնետոմսերի 65,03%–ը (967 բաժնետոմս), ՀՀ ԿԲ–ն կպահպանի մասնակցությունը 25,02% կապիտալում, իսկ մնացած 9,95% –ը AMX–ի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 873մլն դրամ (շուրջ 2,2մլն դոլար)։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։

Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։-0-  


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post