20.10.2023 12:22
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։
Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։
«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլև հնարավորություն է ընձեռում Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը և կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Ամունդի-Ակբայի այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է մեր ընկերության բաժնետեր։ Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղեգծով և մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 377 մլրդ դրամ ակտիվներ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ
Team Telecom Armenia-ն տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունն առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։
Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: