05.05.2015 17:19
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Սայաթ–Նովա» նոր մասնաճյուղը։
Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, սա արդեն հանրապետությունում բանկի 55–րդ մասնաճյուղն է, և դրա բացումը, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել բանկի նախկին ղեկավար Ստեփան Գիշյանի ծննդյան օրը։
«Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ողջ շրջանակը, սակայն կունենա նաև նեղ մասնագիտացում` ուշադրությունը կենտրոնացնելով փոքր և միջին բիզնեսին ծառայություններ մատուցելու վրա` վարկավորում, տարատեսակ բանկային ծառայություններ և ամբողջական փաթեթային սպասարկում», – ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` բանկը մշակել է ՓՄՁ–ի տարբեր հատվածներին հարմարեցված հատուկ փաթեթային առաջարկներ` առավել մատչելի սակագներով։
Նա նաև նշեց, որ բանկը ծրագրում է մասնաճյուղային ցանցի հետագա ընդլայնում, մասնավորապես, առաջիկայում մայրաքաղաքում կբացվի ևս մի մասնաճյուղ` «Տերյան», ինչպես նաև մարզերում ներուժի ավելացմանն ուղղված աշխատանքներ են ընթանում։
«Մեր գլխավոր նպատակն է ավելի մոտ դառնալ բնակչությանը։ Մարզերում գրեթե ամենուր կան մասնաճյուղեր, և մենք հիմա նախատեսում ենք լրացուցիչ մասնաճյուղեր բացել առավել խոշոր շրջաններում», – ասաց Անդրեասյանը։
ՀՀ ԿԲ–ն մայիսի 4–ին հայտարարեց «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի «Սայաթ–Նովա» մասնաճյուղի գրանցման մասին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը համապատասխան որոշումն ընդունել է 2015 թ.–ի ապրիլի 29–ին։
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ Բանկի ակտիվները 2014 թ.–ի դրությամբ կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորություններ` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ ($1 – 478,26 դրամ)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: