Դրամի արժևորում. կողմ և դեմ

28.07.2010 18:57
Դրամի արժևորում. կողմ և դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը շարունակում է համառորեն ամրապնդվել արժույթի համաշխարհային շուկայում դոլարի էական անկման ֆոնի ներքո։ Միայն վերջին չորս ամիսների ընթացքում հայկական արժույթը հասցրել է ամրապնդվել 8,9 տոկոսով՝ մինչև 369,41 դրամ մեկ դոլարի դիմաց։

Հայ փորձագետներն արժևորված դրամի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը դրամի փոխարժեքի բարձրացումը հիմնավորում է տնտեսական աճի բարձր ցուցանիշներով (2010 թվականի հունվար-հունիսին տնտեսական աճը կազմել է 6,7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), զբոսաշրջիկների թվի ավելացումով, մասնավոր տրանսֆերտների ծավալների աճով (հունվար-մայիսին դրանց աճը կազմել է 4,2 տոկոս 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։

Դրան ի հակակշիռ՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ դոլարի արժեզրկման պատճառներից մեկը Հայաստանի տնտեսության սխալ տրամաբանությունն է։ «Այս ամենը չէր լինի, եթե մրցակցային նորմալ միջավայր լիներ, այդ պայմաններում գնանկում կնկատվեր, և գնունակությունը կաճեր, դա, ամեն դեպքում, կհանգեցներ ապրանքաշրջանառության ծավալների աճի, ինչն, իր հերթին, կնպաստեր դոլարի պահանջարկին»,- պարզաբանեց փորձագետը։

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էժան դրամի կողմնակից է, քանի որ դա արտահանման զարգացման ձեռնտու պայմաններ է ստեղծում։ Ըստ նրա, ազգային արժույթի բարձր փոխարժեքը ձեռնտու է ներկրողներին և, հակառակը, վնասում է արտահանողներին և հայկական արդյունաբերությանը։ «Դրամի բարձր փոխարժեքը ոչ բարենպաստ ազդեցություն է գործում տնտեսության վրա, քանի որ բացասաբար է անդրադառնում հայկական ապրանքների մրցունակության վրա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ թանկ դրամից շահում են ներկրողները։

Միաժամանակ դրամի արժևորումը հանգեցնում է նաև վճարունակ պահանջարկի կրճատմանը բնակչության այն հատվածում, որը մասնավոր փոխանցումներ է ստանում արտերկրից, իսկ դա նպաստում է հայրենական և ներկրվող ապրանքների գնային սանդղակում անհամաչափությունների։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մատնանշում է վերջին տարիներին դրամի արժևորման միտումը տարվա հենց այս ժամանակ, ինչը նրա կարծիքով, հիմնավորվում է փոխանցումների ներհոսքով, ինչպես նաև տնային տնտեսությունների ախտանիշով, որոնք սկսում են ծախսել մինչ այսօր կուտակած դրամական միջոցները ձմեռվա համար մթերքի մթերման և պահածոյացման համար։

Դրամի արժութային փոխարժեքը և արտահանման ու ներմուծման ծավալները. Հայսատանի պարադոքսը

Արժույթի փոխարժեքի վրա ազդող գլխավոր գործոններից մեկն արտահանումն ու ներմուծումն է։ Ըստ էության, ներմուծումն արտարժույթի պահանջարկի աղբյուր է, արտահանումը, հակառակը, դրա առաջարկի աղբյուր է։

Իրականում հայկական տնտեսությունն այսօր «նստած է» ներկրման վրա՝ այն 4 անգամ գերազանցում է արտահանման ծավալը և հունվար-մայիսին կազմել 1441,9 մլն դոլար։

Սկզբունքորեն, նմանատիպ իրավիճակը պետք է հանգեցներ ազգային արժույթի փոխարժեքի անկմանը այն պատճառով, որ ազգային արտադրության ապրանքների և ֆինանսական ակտիվների պահանջարկը զիջում է այլ երկրների ապրանքների և ֆինանսական ակտիվների պահանջարկին։ Սակայն մեզ մոտ տեղի է ունենում բացարձակապես հակառակը՝ փոխարժեքն աճում է։

Միաժամանակ ներմուծման և արտահանման ծավալի աճին զուգընթաց (միայն 2009 թ. դեկտեմբեր – 2010 թվականի հունվարին արձանագրվել է ներմուծման 357,3 մլն-ից մինչև 242,5 մլն դոլարի անկում, որն ուղեկցվել է դրամի արժևորմամբ 388-ից մինչև 377 դրամ մեկ դոլարի դիմաց), Հայաստանում աճում էր նաև վճարային բալանսի դեֆիցիտը դրամի փոխարժեքի կրճատման ֆոնի ներքո (365-ից մինչև 394 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց), բայց մինչև որոշակի պահ։

Հենց որ մայիսին արտահանումը սկսեց կրճատվել՝ միաժամանակ ավելացնելով առևտրային բալանսի դեֆիցիտը, դրամի փոխարժեքը սկսեց աճել (394-ից մինչև 373 դրամ, այսինքն՝ 5,6 տոկոսով)՝ կրճատվելու և դիֆիցիտը բալանսավորելու փոխարեն։

Արդյունքում, առևտրային բալանսի զգալի դեֆիցիտի պայմաններում դրամի փոխարժեքի կրճատման հաշվին ազգային շուկայի համար ձեռնտու պայմաններ ստեղծելու փոխարեն մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ դրամն ամրանում է և տանում է տնտեսությանը չգիտես թե ուր։

Հայկական տնտեսության նման պարադոքսը բացատրություն չունի։ Տնտեսական աճն ամուր դրամի դեպքում ակտիվ չէ՝ ներքին շուկան չի զարգանում, տեղական արտադրությունն իրացման շուկաներ չի գտնում, և միջազգային շուկաներ մուտք գործելու միտումներ չեն նկատվում։

Դրամի վարքի կանխատեսումներն առաջիկայում

Ինչպես ճիշտ նկատեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը, ազգային արժույթի վարքի վերաբերյալ որևէ իրատեսական կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։

«Ավելի վաղ արված կանխատեսումները ցույց են տալիս, որ ոչ իրատեսական և սխալ է կանխագուշակել արժույթի փոխարժեքը։ Հստակ կարող եմ ասել, որ գինը (փողերի)  ձևավորվում է շուկայի գործարքների արդյունքում և պահանջարկի ու առաջարկի արդյունք է։ Առավելագույնը կարելի է կանխատեսել այն միջանցքը, որի սահմաններում կտատանվի փոխարժեքը»,- կարծում է Բանկերի միության նախագահը։

Ղուկասյանի կարծիքով՝ ընթացիկ տարում դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ չեն ակնկալվում։ «Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության պայմաններում դրամի արժևորումը պահանջարկի և առաջարկի արդյունք է։ Ներկայումս այն բացատրվում է գյուղատնտեսական սեզոնի մեկնարկով և շուկայում արտադրանքի ակտիվությամբ, ինչը հանգեցնում է դրամի կայունացման»,- ասաց Ղուկասյանը։

Վահագն Խաչատրյանի գնահատականներով՝ դոլարի փոխարժեքի անկումը կշարունակվի մինչև սեպտեմբեր, քանի որ սեզոնային բնույթ է կրում։ «Դա միշտ այդպես է, ամռանը դոլարի գինը միշտ ընկնում է»,- կարծում է տնտեսագետը։

Իր հերթին ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշում է, որ դրամի վարքի վրա բավականին մեծ թվով գործոններ են ազդում, բայց առաջիկայում՝ աշնանը, դրամի արժևորման միտումները բացասական կլինեն։

Միաժամանակ հայկական բանկերը դրամի արժեզրկում են կանխատեսում 2010թ. տարեվերջին, մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերին դոլար/դրամ հարաբերակցությունը, նրանց կարծիքով, կկազմի 372,95 դրամ մեկ դոլարի դիմաց, իսկ տարեվերջին՝ 376,76 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև