ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱՆ ISO 9001:2008 սերտիֆիկատ է ստացել Moody International-ից

13.12.2011 16:57
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱՆ ISO 9001:2008 սերտիֆիկատ է ստացել Moody International-ից

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն, առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում, ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Որպես սերտիֆիկացնող մարմին՝ հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ-ի մամուլի ծառայությունից:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ եղավ որակի կառավարման համակարգի ներդրմանը 2010թ. օգոստոս ամսին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համագործակցելով ISO ստանդարտացման ոլորտում հայտնի խորհրդատվական կազմակերպություններից մեկի` IMS Consulting կազմակերպության հետ՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ձևափոխեց իր կառավարման մոդելը՝ հաջողությամբ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառվող ամենաարդյունավետներից մեկը՝ որակի կառավարման համակարգը:

«Երբ 2008 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԸ եկավ Հայաստան, մենք որպես մեր առաքելություն հռչակեցինք քաղաքացիներին համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր որակի ապահովագրական պրոդուկտների տրամադրումը: Ներդնելով որակի կառավարման համակարգը՝ մենք հաստատեցինք այն փաստը, որ հետևողական ենք և կատարում ենք խոստումները: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որովհետև կատարելագործությունը չունի սահման»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքը:

Ըստ նրա՝ որակի կառավարման համակարգի հիմնարար սկզբունքներից մեկն անընդհատ բարելավումն է: Որդեգրված այս սկզբունքը կնպաստի բիզնես-գործընթացների անընդհատ բարելավմանը, հաճախորդներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, և, ի վերջո, արդյունավետ լինելուն և դրված նպատակներին հասնելուն:

Moody International-ի առաջատար մասնագետ, աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշեց, որ առաջին աուդիտորական ստուգման արդյունքում համապատասխանության սերտիֆիկատ շնորհելը բավականին հազվադեպ երևույթ է:

«Moody International ընկերության կողմից ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի շնորհումը վկայում է  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության բարձր հուսալիությունը և կայունությունը,  ուղղվածությունը դեպի հաճախորդները և տրամադրվող ծառայությունների  բարձր որակը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11` մարզկենտրոններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post