Էկոնոմիկայի նախկին նախարարը կանխատեսել է COVID-19-ի շուրջ իրավիճակի կայունացման ժամկետները և հիվանդացածների թիվը

06.04.2020 13:33
Էկոնոմիկայի նախկին նախարարը կանխատեսել է COVID-19-ի շուրջ իրավիճակի կայունացման ժամկետները և հիվանդացածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանը ներկա պահին գտնվում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման փուլում, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, ավելի մոտ է այդ փուլի ավարտին: Նման կարծիք է հայտնել տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտական տեսության և անցումային շրջանի տնտեսության խնդիրների ամբիոնի դոցենտ, Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:

«Ապրիլի 3-ի դրությամբ Հայաստանում հիվանդացության մակարդակը կազմել է  248 մարդ՝ մեկ միլիոն բնակչության կտրվածքով», – նշվում է Եղիազարյանի «2020թ.-ի ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսի տարածման վերլուծությունն ու կանխատեսումն աշխարհում» հոդվածում, որը հրապարակվել է Հայ-ռուսական համալսարանի կայքէջում:

Եղիազարյանը նշել է, որ բնակչության խտության և տարածքի համեմատ՝ Հայաստանի լավագույն օրինակն Ավստրիան ու Շվեյցարիան են, որտեղ 1 միլիոն բնակչությանը բաժին է ընկնում, համապատասխանաբար, 1280 և 2260 հիվանդ, իսկ մահացության մակարդակը՝ համապատասխանաբար 1,4% և 2,85% է:

Հոդվածի մեջ նշվում է, որ ապրիլի 4-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի ավելի քան 1 ամիս տարածվելուց հետո, մահացության մակարդակը կազմել է 0,95%: Ավստրիայում (մարտի 15-ի դրությամբ՝ 860 մարդ) հիվանդների համեմատական թվի դեպքում, մահացության մակարդակը կազմել է 0,12%, իսկ Շվեյցարիայում՝ 0,81% (մարտի 12-ի դրությամբ՝ 860 մարդ):

«Այդ պատճառով Հայաստանում կայունացման փուլը կարող է սկսվել մոտավորապես այդ միջակայքում, լավատեսական գնահատականների դեպքում՝ Ավստրիայի նման, 1 մլն կազմող բնակչությանը բաժին է ընկնում մոտ 1500 վարակակիր: Հայաստանում COVID-19-ի տարածման ներկայիս արագության դեպքում՝  11,7% (միջինը՝ մարտի 29—ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում), այդ միջակայքում հայտնվելու համար կպահանջվի 16 օր, իսկ հիվանդների թիվը կկազմի մոտ 4300 մարդ»,- գրում է հեղինակը:

Եղիազարյանը նաև գնահատել է Հայաստանում մարտի 17-ից հայտարարված կարանտինի արդյունավետությունը:

«Ինչպես հայտնի է, կարանտինի նպատակը մարդկային կյանքերի պահպանումն է՝ նրանց շփման սահմանափակման միջոցով, ինչի արդյուքում պետք է զգալիորեն նվազի կորոնավիրուսի տարածման արագությունը։ Ճիշտ է, դա արվում է պանդեմիայի ժամկետների երկարացման և շատ լուրջ տնտեսական հետևանքների գնով», –  նշում է նա։

Հեղինակը պարզաբանում է, որ արդյունավետությունը կարելի է որոշել` համեմատելով կարանտինից առաջ և դրա ժամանակ պանդեմիայի տարածման արագությունը և համեմատելով դրանք այլ երկրների արդյունքների հետ (համեմատության համար ընտրված է Չինաստանը, որը Հարավային Կորեայի հետ համարվում է կարանտինի արդյունավետ կազմակերպման լավագույն օրինակը)։

«Չինաստանում կարանտին էր սահմանվել հունվարի 27 –ին, սկզբում Ուհանում, հետո արդեն երկրի այլ քաղաքներում և նահանգներում ու շարունակվել է Ուհանում 59 օր։ Առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 31-ին, իսկ կարանտին սահմանելու պահին Չինաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 830 դեպք և 26 մահ։ Այնպես որ, այս առումով Հայաստանի կառավարությունը բավականին օպերատիվ է գործել, կարանտին է հայտարարվել վարակման առաջին դեպքից 17 օր անց և կարանտին հայտարարելու պահին գրանցված է եղել կորոնավիրուսով վարակման 77 դեպք և ոչ մի մահ», –  ասվում է հոդվածում։

Եղիազարյանը նշում է, որ Հայաստանում կարանտինի գրեթե երեք շաբաթվա ընթացքում դրա արդյունքները համադրելի են Չինաստանի արդյունքների հետ, այնպես որ այն բավականին արդյունավետ է։

«Մեկ այլ հարց է, արժե՞, արդյոք, հետագայում ձգտել հասնել չինական արդյունքներին՝ զգալիորեն երկարացնելով պանդեմիայի տևողությունը և վատացնելով առաջիկա ճգնաժամի խորությունը»,- գրում է նա։

Հրապարակման մեջ ներկայացվում են Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ կարանտինի յուրաքանչյուր օրը Հայաստանի համար արժենում է ՀՆԱ-ի 51 մլն դոլարի  չափով ուղղակի և անուղղակի կորուստ, իսկ դա 2019 թվականի ՀՆԱ-ի մոտ 0,4%-ն է։ 

 «Որպես տեղեկություն նշեմ, որ մինչև ապրիլի վերջ կարանտինը մեզ բոլորիս համար կարժենա 2,2 մլրդ դոլար, այսինքն՝ անցած տարվա ՀՆԱ-ի մոտ 16%-ը»,- եզրափակում է Եղիազարյանը։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:  Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 833 մարդ, բուժվել է 62 մարդ, փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ, բացասական թեստերի թիվը 4096 է, 8 մարդ, ցավոք, մահացել է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև