Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ներդրել է ինտերնետ-բանկինգ

03.11.2009 16:27
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ներդրել է ինտերնետ-բանկինգ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր ծառայություն է ներմուծել իր հաճախորդների համար՝ ինտերնետ-բանկինգ։ Այս մասին հայտնվում է բանկի պաշտոնական կայքում։

«Այսուհետ բանկի հաճախորդները աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին Ինտերնետի միջոցով կարող են օգտվել բանկային ծառայություններից, ղեկավարել իրենց հաշիվները և պլաստիկ քարտերը՝ առանց բանկ այցելելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր համակարգը թույլ է տալիս տեղեկանալ, մասնավորապես, հաշիվների մնացորդների և շարժի, վարկերի ընթացիկ վիճակի և շարժի, քարտերի մնացորդների և շարժի, ավանդների մասին, ինչպես նաև կատարել փոխանցումներ (BankMail, SWIFT), կոմունալ վճարումներ:

Համակարգի անվտանգությունն ապահովելու համար օգտագործվում է համաշխարհային ճանաչում ունեցող Secure Sockets Layer (SSL) տեխնոլոգիան: Հաճախորդի նույնականացման և գործողությունների ստորագրման համար օգտագործվում են VASCO Data Security ընկերության Digipass լուծումները:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով:

2008թ.-ից ռուսական Գազպրոմբանկը դարձավ 100% բաժնետերը «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի:

«ԱՌԿԱ» գործակալության նախնական տվյալներով՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30 դրությամբ «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ակտիվները 32,1 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 22 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 10,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 8,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 20,1 մլրդ դրամ, բանկի հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 19,2 մլրդ դրամ ($1- 386, 41 դրամ)։

Ներկայումս բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 6-ը՝ Երևանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև