Հայ փորձագետները վստահ են, որ չարժե ողբերգություն սարքել փոխարժեքի տատանումներից

19.04.2011 13:45
Հայ փորձագետները վստահ են, որ չարժե ողբերգություն սարքել փոխարժեքի տատանումներից

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի.  /ԱՌԿԱ/. Հայ փորձագետները վստահ են, որ արժույթի շուկայում նկատվող փոխարժեքի տատանումները չարժե ողբերգականացնել, նույնիսկ չնայած նրան, որ դոլարը ոչ թե պարզապես հաղթահարել է 370 դրամի հոգեբանորեն կարևոր շեմը, այլ մարտի 1-ից ապրիլի 14-ը թռիչքաձև բարձրացել է 367,2 դրամից մինչև 376,83 դրամ, և դոլարի փոխարժեքի աճը շարունակվում է։

13

Փոխարժեքի նման վարքի կապակցությամբ փորձագետները տարբեր տեսակետներ ունեն։ Այսպես, Հայբիզնեսբանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն, գլխավոր գանձապետ Վահան Մելքոնյանի խոսքերով, դրամի արժեզրկման պատճառն արտարժույթի  մեծ պահանջարկն է։

«Բանն այն է, որ դա ճգնաժամի հետևանք է, ոչ թե հակաճգնաժամային երևույթ, և կապված է նրա հետ, որ տրանսֆերտների հոսքն անվերահսկելի է դարձել, և շուկայում բազմաթիվ գործարարներ են հայտնվել»,- ասաց նա։

Մելքոնյանը միաժամանակ վստահ է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին կայուն է, և, թեև դանդաղ, բայց զարգանում է։

«Մենք չունենք համակարգային խնդիրներ, և մեր Կենտրոնական բանկը միշտ ժամանակին է միջամտում փոխարժեքի կարգավորման նպատակով, և այն, ինչ տեղի է ունենում արժույթի հետ, նորմալ է»,- կարծում է բանկի գլխավոր գանձապետը։

Միաժամանակ նա չի բացառում, որ դրամի փոխարժեքը հետագայում կարող է ինչպես ամրանալ, այնպես էլ թուլանալ։

«Հարկ չկա մտահոգվել այդ առնչությամբ, ամեն ինչ կախված է արժույթի շուկայում ձևավորվող պահանջարկից և առաջարկից»,- ասաց նա։

Կոնվերսբանկի գլխավոր գանձապետ Էլեն Գարիլյանը փոխարժեքի տատանումները բացատրում է բացառապես պահանջարկի աճով։ «Հայաստանի կողմից իրականացվող լողացող փոխարժեքի քաղաքականության  պայմաններում,- նշում է նա,- դա ընդունելի է։

Արդշինինվեստբանկի արժութային վարչության պետ Աշոտ Մելիք-Քարամյանը կարծում է, որ հայկական արժութային շուկայում նկատվող փոխարժեքի տատանումները չնչին են այլ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, արժույթի տատանումների համեմատ, և կազմում են ընդամենը 2 տոկոս։

Նրա տեսակետը կիսում է նաև Հայէկոնոմբանկի դիլինգի բաժնի պետ Արմեն Տեր-Հակոբյանը։ Նրա խոսքերով, տատանումները չնչին են և կապված են արտարժույթի պահանջարկի ժամանակավոր աճով։

Միաժամանակ մի շարք բանկային վերլուծաբաններ կարծում են, որ դրամի թուլացումը սեզոնային բնույթ է կրում։

Մասնավորապես, նման կարծիք ունի Ինեկոբանկի դիլինգային օպերացիաների բաժնի պետ Մարինա Բաղդասարյանը, նա կարծում է, որ փոխարժեքի նման տատանումներ նկատվում են ամեն տարի մարտ-ապրիլին։

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը փոխարժեքի տատանման երկու պատճառ է ներկայացնում։ Առաջինը, ըստ նրա, դա տեղի է ունենում ներմուծողների և բնակչության՝ արտարժույթի պահանջարկի աճի պատճառով, և երկրորդը, ԿԲ կողմից վերահսկողության թուլացման պատճառով։ Փորձագետը կարծում է, որ փոխարժեքի տատանման միտումը մարտին Հայաստանում նկատվում է արդեն մի քանի տարի և բացատրվում է յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվարին տրանսֆերտների հոսքի նվազմամբ։ Նա կարծում է, որ հետագա զարգացումը կախված կլինի տրանսֆերտների հոսքի քանակական ցուցանիշից, ինչպես նաև գյուղատնտեսության գործունեության արդյունքներից։

«Մեր տնտեսությունում գնաճային ճնշում է նկատվում։ Գնաճային արտաքին և ներքին գործոնների ազդեցության ներքո դրամը կգտնվի որոշակի գնային միջակայքում, իսկ գնաճային արտաքին գործոնների ազդեցության ուժեղացման դեպքում դրամը կամրանա։ Եթե տրանսֆերտների հոսքը մեծանա, իսկ կանխատեսումներով այդպես էլ կլինի, ապա բարձր պահանջարկը կբավարարվի, և դրամը չի արժեզրկվի»,- կարծում է  Վերդյանը։

Միաժամանակ հայկական իշխանությունները հավաստիացնում են, որ Կենտրոնական բանկն ի վիճակի է զերծ պահել արժութային շուկան ցնցումներից։ Պետության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ շուկայում պետք է կտրուկ տատանումներ չլինեն, և այսօր նկատվող տատանումները զուսպ են, բնորոշ են նորմալ շուկայական էկոնոմիկային։ Դեռ մարտի 11-ին նախագահը երկրի տնտեսական քաղաքականության իրագործման գերակայություններին նվիրված խորհրդակցության ընթացքում ասել է, որ հայկական դրամի ամրացումն էկոնոմիկայի և արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի որոշում է, և հույս է հայտնել, որ երկրում «այդպիսի զարգացումներ չեն լինի»։

Ինչպես տեսնում ենք, Կենտրոնական բանկին և պատասխանատու բոլոր անձանց բավական հստակ հրահանգներ են տրվել։ Անշուշտ, կանխատեսումներ կատարելն անշնորհակալ գործ է, իսկ փոխարժեքի դեպքում՝ անթույլատրելի, սակայն վերջին խոսքը, թե ինչպիսին կլինի փոխարժեքը, այնուամենայնիվ, շուկայինն է։

Աննա Խորենյան

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծական բաժին -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև