ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%

11.10.2011 19:12
ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսի սահմանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 1.4 տոկոսային կետով և կազմել 6.2%:

Այն, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը մեծ հավանականությամբ կձևավորվեր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ կամ դրանից բարձր, ԿԲ խորհուրդը նախանշել էր նախորդ ամսվա սկզբին և հրապարակել սեպտեմբերի 16-ի մամլո հաղորդագրության (Տոկոսադրույքի արձանագրություն) մեջ:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք: Սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները:

Խորհուրդը գտնում է, որ տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները: Վերջիններս հետագայում մեծապես կախված կլինեն նաև արտաքին հատվածի զարգացումներից:

Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին:

«Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

ԿԲ-ին վերջին անգամ 0,5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի սեպտեմբերի 6-ին՝ դարձնելով 8 տոկոս:

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ հանրապետությունում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում  (±1,5%): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post