ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անցել է RIA Money Transfer համակարգով դրամական փոխանցումների իրականացմանը

09.01.2012 13:47
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անցել է  RIA Money Transfer համակարգով  դրամական փոխանցումների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է RIA Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգին, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` տվյալ համակարգի միջոցով հաճախորդը կարող է բանկի կենտրոնական գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում ստանալ և իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի աշխարհի ավելի քան 136 երկիր և հակառակը:

Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5 հազ. ԱՄՆ դոլար/Եվրո: Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:

Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից`դեպի Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա` 3 %, նվազագույնը 4 USD, այլ երկրներ` 4 %, նվազագույնը 6 USD/EUR: Ընդ որում հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:

«Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, բանկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է  ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 11 թվից):

Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի: Միաժամանակ կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:

RIA Money Transfer ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ: Համակարգը լայն տարածում է գտել հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպական երկրներում:

Պետք է նշել. Որ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մասնակցում է այնպիսի դրամական փոխանցումների միջազգային համակարգերի, ինչպիսիք են՝ Contact, Migom, Золотая корона, Быстрая почта, Avers, Money gram, Anelik, ACBA Transfer  և Blizko:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post