ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՎԶԵԲ-ի միջև էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

07.03.2012 11:21
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՎԶԵԲ-ի միջև էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Հյուսիսային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը (Olivier Descamps) և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի «Կայուն էներգետիկայի ոլորտում միջոցառումների ծրագրով» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանն աջակցություն կստանա էներգատարողության մակարդակի նվազման և տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում նաև արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, համայնքային և բնապահպանական ենթակառուցվածքներում, անշարժ գույքի ոլորտում իրականացվող էներգետիկ արդյունավետության գծով ներդրումների հարցում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՎԶԵԲ-ի կողմից մշակված «Կայուն էներգետիկայի ոլորտում միջոցառումների ծրագիրը» կարևոր քայլ է՝ Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի փոխադարձ պարտավորությունների ամրապնդման համար՝ նպատակ ունենալով աջակցել երկրի էներգետիկ հատվածի հետագա զարգացմանն ու կայուն աղբյուրներից ապահովել էլեկտրաէներգիայի երկարատև մատակարարում:

Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրության կարժանանա բնակելի հատվածում և արդյունաբերության ոլորտում էներգետիկ արդյունավետության մակարդակի բարձրացումը, ինչը կնպաստի հայկական ընկերությունների և տնային տնտեսությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառման նվազմանը:

Այս նախաձեռնությունը կարող է աջակցել Հայաստանին նաև հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հարցում:

«Այս ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը ներդրումների համար անհրաժեշտ օրենսդրության մշակման, ֆինանսական նախաձեռնությունների զարգացման հարցում՝ նպատակ ունենալով աջակցել ներդրումներին էներգետիկ արդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում», - ասել է Օլիվիե Դեկամպը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից: Մինչ օրս բանկը շուրջ 100 ծրագրերում ներդրումներ է կատարել և տրամադրել է ավելի քան 450 մլն եվրոյի ֆինանսավորում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post