29.03.2012 19:14
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բեյրութ, որտեղ մարտի 29-31-ը մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:
Կլոր սեղանին մասնակցելու են ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:
Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի և Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաև լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: