Դեֆոլտից չորս օր առաջ

12.11.2012 17:16
Դեֆոլտից չորս օր առաջ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանը մոտեցել է տեխնիկական դեֆոլտի: Երկրի պարտքային պարտավորություններից մեկը կարող է չիրականացվել ավելի վաղ, քան կարծում են եվրոպացի վարկատուները, գրում է  gazeta.ru-ն:

Նոյեմբերի 16-ին պետությունը կարող է բավարար գումար չունենալ պարտատոմսերի վճարումների մարման համար, մինչդեռ վարկատուները Հունաստանին տրվելիք հերթական աջակցության հաստատման վերջնական ժամկետը նոյեմբերի 27-ն են սահմանել: Այս շաբաթ լրանում է Եվրոպական կենտրոնական բանկում գտնվող 5 մլրդ եվրոյի պարտատոմսերի մարման ժամկետը: Կառավարությունը հույս ունի վճարման գումար ստանալ՝ երեքշաբթի աճուրդում պետպարտատոմսեր վաճառելով:

Բայց դրանց հիմնական գնորդները՝ հունական բանկերը, կարող են միայն 3,5 մլրդ եվրոյի արժեթղթեր ներգրավել, գրում է Financial Times-ը՝ հղում անելով երկու թոփ-մենեջերների, քանի որ առկա է միայն այդ գումարի ապահովում, որն ընդունում է ԵԿԲ-ն:

«Դրությունը շատ ծանր է... – ասում է բանկիրներից մեկը: - Ստիպված կլինենք այլ ուղիներ փնտրել՝ մնացածը հավաքելու համար»: Հունաստանն ունի դեֆոլտից խուսափելու ևս մեկ տարբերակ՝ «անցքը» փակելու համար օգտագործել միջոցների մի մասը բանկերի վերակապիտալիզացմանը հատկացված և Ֆինանսական կայունության հունական ֆոնդում գտնվող 3 մլրդ եվրոյից:

Կիրակի ուշ երեկոյան հունական խորհրդարանին հաջողվել է հաստատել 13,5 մլրդ եվրոյով առաջիկա երկու տարիներին բյուջետային ծախսերի կրճատումը, ինչի համար կպահանջվի կրճատել աշխատավարձերը և կենսաթոշակները, բարձրացնել հարկերը և կենսաթոշակային տարիքը, ինչպես նաև 2013 թվականին աշխատանքից ազատել ավելի քան 10 հազար պետական ծառայողների: Չնայած բնակչության ակտիվ բողոքներին՝ 300 պատգամավորներից 153-ը քվեարկել են նախագծի ընդունման օգտին: «Դա առավելություն է նախորդ շաբաթվա համեմատ»,- նիստի արդյունքներն է մեկնաբանել պատգամավորներից մեկը: «Կառավարությունը մեզ պարզապես շանտաժի էր ենթարկում՝ մեծամասնություն ստանալու համար... Նրանք ստում էին վարկի հատկացման վերաբերյալ»,- ասել է Սիրիզի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Թսիպրասը: Ֆինանսների նախարար Հանիս Ստուրնարասն ի պատասխան քննադատել է ընդդիմության կողմից առաջարկած ծախսերի ավելի մեղմ կրճատման առաջարկությունը, քանի որ այն «պայմաններ է ստեղծում անվերահսկելի դեֆոլտի համար, որը, եթե կատարվի, ապա սով և աղքատություն կբերի»:

Փաստաթուղթը պետք է ճանապարհ հարթի Եվրահանձնաժողովի կողմից վարկային աջակցության երկրորդ փաթեթից 31,5 մլրդ եվրոյի հերթական տրանշ ստանալու համար: Այդ փողերը 2012 թվականի փետրվարին վարկատուների կողմից հավանության արժանացած 130 մլրդ եվրոյի մի մասն են և պետք է փոխանցված լինեին 2012 թվականի օգոստոսին, բայց փախանցումը հետաձգվել է վարկատուների եռյակի ներկայացուցիչների կողմից անցկացված ստուգման արդյունքում բացահայտված նպատակային ցուցանիշներից Հունաստանի շեղման պատճառով:

Բայց մինչև նոյեմբերի 16-ն այդ գումարները ստանալը հավանական չի թվում: Վարկատուների շրջանում մինչև վերջին պահը միաձայն որոշում չկա:

Երկուշաբթի Բրյուսելում եվրագոտու ֆինանսների նախարարները 31,5 մլրդ եվրոյի հատկացման որոշման  հետ միասին պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն Հունաստանի համար վարկերի տոկոսադրույքների կրճատման և աջակցության այլ քայլերի վերաբերյալ: ԵԿԲ-ն կարող է բոլորովին հրաժարվել վարկերի եկամուտներից կամ շարունակել եկամուտ ստանալ, այնուհետև այն փոխանցել եվրագոտու երկրների ֆինանսների նախարարություններին, որ դրանք այդ միջոցները ետ ուղարկեն Հունաստան: Տոկոսադրույքների կրճատումն ամենավիճելի, բայց Հունաստանի պետական պարտքի կրճատման ամենաարդյունավետ քայլն է: Առայժմ տոկոսադրույքը ֆիքսված է պլյուս 150 բազիսային կետ (1,5%) միջբանկային տոկոսադրույքի մակարդակում: Ենթադրվում է հավելավճարը կրճատել մինչև 0,8 տոկոս: Այնուամենայնիվ, այդ քայլերն այնուհետև նաև պետք է հավանության արժանանան եվրագոտու յոթ օրենսդիրների կողմից: Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները դեմ են հանդես գալիս վարկերի տոկոսադրույքների կրճատմանը: Բացի այդ, վարկատուները դեռ վիճում են միմյանց հետ, թե որը կլինի Հունաստանի պետպարտքի չափը 2020 թվականին:

ԵԿԲ-ի կոշտ դիրքորոշումը նոյեմբերի 16-ի վճարումների վերաբերյալ եռյակի մյուս անդամների նկատմամբ ճնշում գործադրելու և պետպարտքի կրճատման ծրագրով որոշում ընդունելու փորձ է:
«Սա բացասական ազդանշան է... նշանակում է, որ Հունաստանի վերջին ջանքերը չգնահատվեցին»,- ասում է հույն բանկիրներից մեկը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post