Հայաստանում բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը 3-րդ եռամսյակի վերջում կազմել է 2 683 հազար դրամ

12.11.2012 17:39
Հայաստանում բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը 3-րդ եռամսյակի վերջում կազմել է 2 683 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը 2012 թվականի երրորդ եռամսյակում կազմել է միջինը 2 683 հազար դրամ (մոտ 6,6 հազար դոլար ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկի 406,25 դրամ փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2012 թվականի երրորդ  եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի մեկ աշխատակցին ամսական միջինը բաժին է հասել 894,3 հազար դրամ (շուրջ 2201 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են միջինը 211 022 հազար դրամ կամ շուրջ 519 հազար դոլար:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերում աշխատել է 10 895  մարդ, իսկ 2012թ.-ի երրորդ եռամսյակի շահույթը կազմել է 29 198,3 միլիոն դրամ (մոտ 71,8 միլիոն դոլար):

2012 թ.-ի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին հասնող ամենամեծ շահույթը գրանցվել է HSBC Բանկ Հայաստանում՝ 14 725 հազար դրամ (36,2 hազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ապահովել է 4,9 մլն դրամ ամսական շահույթ (12 հազար դոլար): Միաժամանակ ակտիվները, որոնց ղեկավարել է HSBC Բանկ Հայաստանի մեկ աշխատակիցը, սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են միջինը  շուրջ 531 մլն  դրամ (130  հազար դոլար), ինչը մեծությամբ Հայաստանի բանկերի շրջանում առաջին ցուցանիշն է:

Արմսվիսբանկը հաշվետու ժամանակահատվածի գործունեության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով: Երրորդ եռամսյակի ընթացքում Արմսվիսբանկի մեկ աշխատակիցը միջինը ապահովել է 11 390 հազար դրամի շահույթ, ինչը հավասար է մոտավորապես 28 հազար դոլարի, այսինքն` ամսական 3,8 մլն դրամ (9,3 հազար դոլար):

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին հասած շահույթ) երրորդ տեղում է Մելլաթ բանկը՝ 10 611 հազար դրամ (26  հազար դոլար) կամ ամսական 3,5 հազար դրամ (շուրջ 8,6 հազար դոլար):

Աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով առաջատարների խմբում են նաև Ամերիաբանկը (9 958  հազար դրամ կամ 24,5 հազ դոլար) և Պրոմեթեյ Բանկը (6 332 հազ դրամ կամ շուրջ 15,5 հազար դոլար):
Ընդհանուր առմամբ, 17 բանկերի մոտ մեկ աշխատողին բաժին հասած շահույթը գերազանցում է 1 մլն դրամը, իսկ չորս բանկերի մոտ՝ 1 մլն դրամից պակաս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև