11.01.2016 14:44
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի վարքագիծը համահունչ է այլ երկրներում գրանցվող արժեզրկման գործընթացներին, երկուշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով` ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկման միտումն ընդամենը պայմանավորված է այլ արժույթների նկատմամբ դոլարի ամրապնդմամբ։
Նա նշեց, որ վերջերս անգամ եվրոն է արժեզրկվում դոլարի նկատմամբ, ինչն ամենևին էլ կապված չէ նավթի գների անկման հետևանքով ստեղծված համաշխարհային իրավիճակի հետ, որը հանդես է գալիս որպես կատալիզատոր օրինակ ռուսական ռուբլու կամ ադրբեջանական մանաթի արժեզրկման համար։
«Այդ պատճառով ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի վարքագիծը համահունչ է դոլարի նկատմամբ այլ երկրների արժույթների վարքագծին», – ասաց Մինասյանը։
Հայկական դրամը 2015 թ.–ին ամենակայունն էր ԱՊՀ և ԵՏՄ երկրների արժույթների շրջանում։ Տարեսկզբից դրամը ցուցադրում էր ոչ միանշանակ վարք` մերթ ամրապնդվելով, մերթ արժեզրկվելով։
Սակայն ընդհանուր առմամբ արժութային շուկայում գրանցվող տատանումները չափավոր էին, մասնավորապես, հունվարին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475,73 դրամ, փետրվարին` 478,39 դրամ, մարտին` 477,65 դրամ, ապրիլին` 474,07 դրամ, մայիսին` 480,25 դրամ, հունիսին` 475,12 դրամ, հուլիսին` 477,33 դրամ, օգոստոսին` 479,8 դրամ, սեպտեմբերին` 481,07 դրամ, հոկտեմբերին` 472,5 դրամ։
2015 թ.–ի նոյեմբերին, 2014 թ.–ի նոյեմբերի համեմատ, դրամն արժեզրկվել է 14,2 տոկոսով, ինչը ամենացածր ցուցանիշն է ԵՏՄ և ԱՊՀ երկրների շրջանում։ Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմում է 484,68 դրամ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: