Յունիբանկը ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին

19.07.2016 16:57
Յունիբանկը ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկ ԲԲԸ-ն ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված, CRM-համակարգերի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Վարկային պորտֆելի վերլուծության ավտոմատացված գործընթացը նպաստում է որակյալ վարկերի բազայի ձևավորմանը և վարկային ռիսկի նվազեցմանը: Դրա հետ մեկտեղ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:

«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը Յունիբանկում առաջին անգամ ներդրեց վարկավորման ավտոմատացված CRM-համակարգը 2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 720 հազար հայտ: Այս տարի Յունիբանկի վարկային կոնվեյերն արդեն մշակել է 150 հազար հայտ:

2016թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազարը:

«ProtoCRM համակարգին անցում կատարելը հնարավորություն տվեց բանկին նվազեցնել ծախսերը` բարձրացնելով սպասարկման որակն ու արդյունավետությունը, ինչն առաջնային է մանրածախ ուղղությունը զարգացնող բանկի համար: Համակարգի մոդուլը թույլ է տալիս բանկին սահմանել անհրաժեշտ չափանիշները` ապահովելով հաճախորդների հետ փոխգործողության գործընթացի ավտոմատացումը: Շահագործելով ProtoCRM համակարգը` առավել արդյունավետ ենք բավարարում մեր հաճախորդների պահանջմունքները», - նշել է Մեսրոպ Հակոբյանը:

Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ «Յունիբանկը» մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Այդ նպատակով բանկը սկսեց իրականացնել ևս մեկ խոշոր նախահիծ` Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծումը, որը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Այն հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա, և տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության ($1 – 476,93 դրամ)։-0-


Բանալի բառեր: , ,

Partners news

Կարդացեք նաև