ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և BSTDB–ն ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագիր են կնքել

13.12.2016 15:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և BSTDB–ն ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սևծովյան առևտրի և զարգացման բանկն (BSTDB) ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային համաձայնագիր են կնքել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, համաձայնագրի միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ քառամյա վարկը կօգտագործի հատուկ նախագծեր և ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու՝ Հայաստանի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներում արդիականացման և ընդլայնման հնարավորություններ ստեղծելու համար:

«Մենք բարձր ենք գնահատում BSTDB-ի հետ երկարամյա համագործակցությունը, որը մեզ հնարավորություն է ընձեռում ավելացնել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման ծավալները: Այս պայմանագիրը թույլ է տալիս աջակցել մի շարք ձեռնարկությունների՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

BSTDB-ի նախագահ Ի. Դելիքանին իր հերթին նշել է, որ այս՝ թվով չորրորդ, վարկային պայմանագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ ավելի կմեծացնի հայաստանյան փոքր ձեռնարկություններին երկարաժամկետ ֆինանսավորելու հնարավորությունները:

Նրա խոսքով, ՓՄՁ ոլորտի զարգացումը BSTDB-ի առաջնահերթ ռազմավարական խնդիրն է Հայաստանում:

«Այս համագործակցությունը թույլ կտա ստեղծել հավելյալ եկամուտներ և տնտեսության վրա կունենա ավելի դրական ազդեցություն», - ասել է նա։

2006թ.-ից BSTDB-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ իրականացրել է առևտրի և ՓՄՁ ֆինանսավորման մի շարք գործարքներ՝ ընդհանուր առմամբ 33 մլն դոլարի չափով: Իր գործունեության հենց սկզբից՝ 1999թ.-ից, BSTDB-ի կողմից տրամադրված ընդհանուր ֆինանսական աջակցությունը Հայաստանի ՓՄՁ ոլորտին տեղական բանկերի միջոցով կազմել է մոտ 100 մլն եվրո:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև