ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրն է իրականացվել ֆրանսահայ բժիշկների կողմից

29.08.2018 18:21
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  աջակցությամբ «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրն է իրականացվել ֆրանսահայ բժիշկների կողմից

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսահայ բժիշկների միությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Լոռու մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի բժիշկների միության խումբը, որը բաղկացած էր 9 մարդուց։ Խմբի ղեկավար Պետրոս Օհանյանն իր խոսքում նշել է. «Արդեն 15 տարի է՝ գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, վերապատրաստում նրանց, որ մինչև մեր խմբի Հայաստան գալը նախնական ուսումնասիրություն անեն և ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե ԱԿԲԱ-ի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանայինք ստուգել, ավելի քիչ ապակիներ գնել։ ԱԿԲԱ-ի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը, ինչպես նշեցի, իրականացնում ենք վերջին 15 տարվա ընթացքում»։

Օհանյանի խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում և հարակից 20 համայնքում հետազոտվել է մոտ 3500 երեխա:

Իսկ այս տարի, հաղորդագրության համաձայն, UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտել ենմոտ 500 երեխայի և նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստել։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև