31.08.2018 20:42
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայկական դրամային պարտատոմսերի նոր թողարկումից ստացել է 2,66 մլրդ ՀՀ դրամ (մոտ 5,4 մլն ԱՄՆ դոլար), հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ Գործարքը ձևակերպվել էր որպես 5-ամյա ֆիքսված փոխարժեք ունեցող պարտատոմս, որի մարման ժամկետը 2023թ. ապրիլն է:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքը ԱԶԲ-ի առաջին դրամահավաքն է հայկական դրամով, և ԱԶԲ-ի՝զարգացող երկրներում տեղական արժույթով ֆինանսավորման ռազմավարության ևս մեկ կարևոր քայլ է:
«Արտարժութային ռիսկը միշտ մարտահրավեր է զարգացող երկրների վարկառուների համար։ Հայկական դրամով պարտատոմսերի առաջին թողարկումը հնարավորություն կտա ԱԶԲ-ին Հայաստանում տեղական արժույթով վարկեր տրամադրել՝ միևնույն ժամանակ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ և աջակցելով հայկական կապիտալի շուկայի զարգացմանը», – ասել է ԱԶԲ-ի գանձապետ Պիեր Վան Պետեգեմը։
Հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի համար վճարման արժույթըԱՄՆ դոլարն է, և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ հանրային սահմանափակ ընկերությունը՝ որպես միանձնյա կառավարիչ, երաշխավորել է դրանք: Նոր թողարկումն ունի 7.2392% կիսամյակային տոկոսադրույք։ Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվխել են ներդրողների շրջանում Եվրոպայում:
Պարտատոմսերից ստացվող եկամուտները կուղղորդվեն Հայաստանում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող՝ տեղական արժույթով վարկավորմանը: 2017 թվականին ԱԶԲ-ն Հայաստանում վարկերի տեսքով տրամադրել է 40 միլիոն դոլար պետությանը և 86 միլիոն դոլար` մասնավոր հատվածին:
ԱԶԲ–ն հիմնադրվել է 1996 թ.–ին 67 երկրների կողմից, որոնցից 48–ն այս տարածաշրջանից են։ 2017 թ.–ին ԱԶԲ–ն իրականացրել է 32,2 մլրդ դոլարի գործարք, որից 11,9 մլրդ դոլարը` որպես համաֆինանսավորում։ 2017 թ.–ին ԱԶԲ–ին կապիտալի շուկաներում ընդհանուր առմամբ ներգրավել է ավելի քան 27 մլրդ դոլար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: