ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%

29.10.2019 20:08
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2019 թ. հոկտեմբերի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%, հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

2019 թ. սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%։

Բնականոն գնաճը շարունակում է մնալ ընդհանուր գնաճից բարձր՝ կազմելով 1.1%։ Արտաքին հատվածում պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները, որոնք արտացոլվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում։

Այս պարագայում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են դրամավարկային պայմանների թուլացման ընթացքը։

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը պահպանվել է նախանշված բարձր մակարդակում՝ պայմանավորված արտադրողականության աճով։ Եռամսյակի ընթացքում ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը և դրամային իրացվելիության մեծ ծավալի ներարկումը:

Միաժամանակ, չնայած երրորդ եռամսյակում գրանցված փոքր ընդլայնող ազդեցությանը, տարեսկզբից համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը դեռևս գնահատվում է զսպող: Հաշվի առնելով արտաքին հատվածի զարգացումները և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։

Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով թիրախին միջինժամկետ հատվածում: Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել, հիմնականում արտաքին աշխարհի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքով պայմանավորված, գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

2019թ.–ի ընթացքում ԿԲ–ն երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հունվարի 29–ին` 0,25 տոկոսային կետով` մինչև 5,75% և սեպտեմբերի 10–ին` կրկին 0,25 տոկոսային կետով` մինչև 5,5%։ Մինչ այդ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել էր 2017թ.–ի մարտին, երբ դադարեցրել էր դրամային քաղաքականության թուլացումը` տոկոսադրույքը սահմանելով 6%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև