ԿԲ–ն նախատեսում է գործողություններ իրականացնել արժութային շուկայում ֆինանսական շուկաների նորմալ աշխատանքն ապահովելու համար. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

24.11.2020 17:46
ԿԲ–ն նախատեսում է գործողություններ իրականացնել արժութային շուկայում ֆինանսական շուկաների նորմալ աշխատանքն ապահովելու համար. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը նախատեսում է գործողություններ իրականացնել երկրի արժութային շուկայում` ֆինանսական շուկաների նորմալ աշխատանքն ապահովելու համար, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

Նոյեմբերի 23–ի արդյունքում Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 20–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 2,1 դրամով` հասնելով 505, 32 դրամի (սեպտեմբերի 24–ի տվյալներով` 1 դոլարը 485,32 դրամ էր)։ Միաժամանակ եվրոյի փոխարժեքը, նոյեմբերի 24–ի տվյալներով, հաղթահարել է պատմական մաքսիմումը` 600 դրամ, որը վերջին անգամ գրանցվել էր 2018թ.–ի փետրվարի 2–ին 13 տարվա ընդմիջումից հետո։

«Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում կօգտագործի գոյություն ունեցող ամբողջ գործիքակազմը` գների և ֆինանսական կայունության երաշխավորման համար», – ասաց Բերբերյանը։

Նոյեմբերի 20–ին ՀՀ ԿԲ–ն հայտարարել է, որ զգալի ռիսկեր չի տեսնում հայկական դրամի արժեզրկման կապակցությամբ` մշտապես հետևելով մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում` արտարժույթի փոխարժեքի տատանումներին։ Երկրում շարունակում է ֆիքսվել ցածր, կայուն և վերահսկելի գնաճ։ Այսպիսով, ԿԲ–ն չի տեսնում լուրջ ռիսկեր` գնաճի և ֆինանսական կայունության համար։

ԿԲ–ն նշել էր, որ արտարժույթի շուկայում գրանցվող զարգացումները նորմալ ու համաչափ են, իսկ գնաճային ռիսկերի առաջացման դեպքում պատրաստ է արձագանքել բոլոր ունեցած գործիքակազմով` առաջին հերթին օգտագործելով իր հիմնական գործիքը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Բացի այդ, 2020թ.–ի մարտից ԿԲ–ն ավելացրել է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային լիկվիդայնության տրամադրման ծավալները ֆինանսական համակարգի համար, ինչը զգալիորեն նպաստել է ֆինանսական շուկայում հնարավոր ցնցումների ազդեցության մեղմմանը։

ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հերթական արդյունքները կներկայացնի դեկտեմբերի 15–ին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև