Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

10.07.2020 15:50
Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ 2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի  դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրենը ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ինքնակամ ներկայացրել գազային ատրճանակը:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 53-ամյա տղամարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի ֆունկցիայի կորուստը:

«Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով 53-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Ընկերության տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև