Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա՝ հունվարի 10-14-ի ամփոփումը

17.01.2011 14:49
Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա՝ հունվարի 10-14-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Չնայած այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում FOREX արժույթի միջազգային շուկայում, որտեղ դոլարը զիջեց իր հիմնական մրցակիցներին, Հայաստանի արժույթի շուկայում նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում գրանցված առուվաճառքները նշանավորվեցին ամերիկյան արժույթի հաղթանակով:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,54 տոկոսով՝ հասնելով 365,50 դրամի: Առուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 22,73 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 37,23 տոկոսով պակաս է:

Ամերիկյան արժույթի աճի պատճառը դարձավ ներկրողների կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկի ավելացումը, ինչպես նաև երկիր փոխանցումների ծավալների կրճատումը, որն ավանդաբար արձանագրվում է հունվարին:

Նախորդ շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,50 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 15-ին, կազմել է 366,71 դրամ: Ենթադրում ենք, որ գերակշռող պահանջարկի ֆոնի ներքո դոլարի կշարունակի ամրապնդել իր դիրքերը նաև գալիք շաբաթվա ընթացքում, իսկ ԱՄՆ կանխիկ դոլվարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 364,50-368,50 դրամի սահմաններում:

Այլ արտարժույթների, մասնավորապես, եվրոյի դինամիկան հայկական արժութային շուկայում սահմանվում էր FOREX արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը աճել է 3,59 տոկոսով՝ հասնելով 1,3373-ի:

Եվրոպական արժույթը աճ գրանցեց Պորտուգալիայում, Իտալիայում և Իսպանիայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների հաջող անցկացման արդյունքում: Շաբաթվա ընթացքում եվրոյին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին նաև մի շարք պետական պաշտոնյաների հայտարարությունները:

Մասնավորապես ԵԿԲ-ի ղեկավարը հայտարարեց, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում եվրագոտում գնաճի տեմպերի աճի ռիսկ կա, ինչը շուկայի մասնակիցների կողմից գնահատվել է որպես առաջիկայում հիմնական տոկոսադրույքների բարձրացման մեկնարկի հնարավորություն:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ ևս ավելացել է  1,82  տոկոսով՝ հասնելով 494,34 դրամի:

Հաջորդ շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տեղեկություններով: Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ում նոր հիմքերի դրման թվի փոփոխության և դեկտեմբերի ընթացքում երկրորդական շուկայում բնակարանների վաճառքի ծավալների փոփոխության մասին տվյալների հրապարակումը:

Եվրոպայում սպասվում է հունվար ամսվա տվյալներով Գերմանիայի գործարար միջավայրում տրամադրվածությունների ինդեքսի մասին ZEW ինստիտուտի տվյալների հրապարակումը և Եվրոպայում հունվարին սպառողական վստահության ինդիկատորի կանխատեսումը: Հաջորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավաբանար, կգտնվի 490,0-497,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 2,14 տոկոսով՝ հասնելով 12,39 դրամի: Սա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով նավթի արժեքի աճի ֆոնի ներքո: Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նախորդ շաբաթ աճել է 5,25 տոկոսով մինչև 98,45 ԱՄՆ դոլար:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլին նավթի կայուն բարձր արժեքի ֆոնի ներքո կայուն կլինի: Ռուբլու արժեքի տատանումները կախված կլինեն մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գների դինամիկայից: Կանխիկ ռուբլու վաճառքի փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12,15-12,70 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում միայն դոլարով կատարված գործարքներ են գրանցվել, եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև