Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում

14.02.2012 14:28
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժութային հատվածում աճել է 0,05 տոկոսով՝ հասնելով 388,71 դրամի: Շաբաթվա առուվաճառքի ծավալը կազմել է 12,05 մլն ԱՄՆ դոլար, ինչը 30,95 տոկոսով ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,04 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, կազմել է 390,37 դոլար:

Նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում դիտվում էր բարձր փոփոխականություն: Առևտրային շաբաթվա սկզբից դոլարի փոխարժեքը նվազեց դրամի նկատմամբ՝ հասնելով շաբաթվա իր նվազագույն արժեքին՝ 387,25 դրամի: Սակայն երեքշաբթի՝ փետրվարի 7-ից, դոլարը սկսեց վերականգնել իր դիրքերը դրամի նկատմամբ, ինչը պայմանավորված էր նախորդ շաբաթվա ավարտին FOREX միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի արժևորմամբ:

Տարվա այս ժամանակահատվածի համար դեպի Հայաստան ավանդական ոչ բարձր մասնավոր փոխանցումների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի փոխարժեքը հաջորդ շաբաթ աճի շարունակման հիմքեր ունի: Սակայն դժվար թե այդ աճը գերազանցի 0,5 տոկոսը դրամին սատարելու համար կարգավորիչի՝ շուկա մուտք գործելու պատճառով: Հայաստանի բանկը շարունակում է աջակցել ազգային արժույթին, ինչի մասին վկայում են ոսկու և արժույթի նվազող պաշարները: Այսպես, հունվարին այս ցուցանիշը նվազեց 7,09 տոկոսով մինչև 1820,4 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ, հավանաբար, կգտնվի 388,0-393,0 դրամի միջակայքում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 0,21 տոկոսով՝ մինչև 1,3172:

Այնուամենայնիվ, նախորդ շաբաթ միասնական եվրոպական արժույթը նվազել է՝ հասնելով շաբաթվա նվազագույն 1,3025 ցուցանիշի: Դրա պատճառը շուկայի մասնակիցների տրամադրությունների վատացումն է այն կապակցությամբ, որ հանգստյան օրերին Հունաստանի վարչապետին չհաջողվեց փոխզիջման հասնել քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթի ստացման համար անհրաժեշտ ծախսերի կրճատման լրացուցիչ միջոցների վերաբերյալ:

Եվրոպական միասնական արժույթը մեծ աճ է ցույց տվել երեքշաբթի՝ փետրվարի 7-ին: Եվրոյի փոխարժեքն աճել է այն լուրերից հետո, որ Հունաստանի քաղաքական կուսակցությունները մոտ են ֆինանսական աջակցության պակտի վերաբերյալ համաձայնությանը: ԱՄՆ ԴՊՀ նախագահ պարոն Բերնանկեի զուսպ դրական մեկնաբանությունները Սենատում բյուջետային կոմիտեի առջև ելույթում նույնպես աջակցեցին եվրոյին: Բերնանկեն հերթական անգամ ակնարկեց հետագա մեղմ դրամավարկային քաղաքականությունը:

Աճի ևս մեկ ազդակ եվրոն ստացավ հինգշաբթի՝ փետրվարի 9-ին, երբ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարեց եվրոպական կարգավորիչի՝ առևտրային բանկերի համար վարկեր ստանալիս պահանջները մեղմելու մտադրության մասին: Արդյունքում, եվրոն կարողացավ հասնել շաբաթվա առվելագույնին՝ 1,3321:

Սակայն նախորդ շաբաթվա վերջին միասնական եվրոպական արժույթին չհաջողվեց պահել իր դիրքերը, քանի որ շուկայի մասնակիցները ֆիքսեցին իրենց դիրքերը հանգստյան օրերին Հունաստանի խորհրդարանի նիստի նախաշեմին: Հունական խորհրդարանին անհրաժեշտ եղավ հավանություն տալ խիստ տնտեսման փաթեթին միջազգային վարկատուների եռյակից ֆինանսական աջակցության հերթական տրանս ստանալու համար:

Արդյունքում, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ շաբաթվա ընթացքում աճեց 0,54 տոկոսով՝ հասնելով 518,43 դրամի: Մեր կարծիքով, երկրի ներսում համաշխարհային արժութային շուկայից առևտրային նստաշրջանի ժամանակի սահմանափակ լինելու պատճառով եվրոյի արժեքի դինամիկայի ուշացման հետ կապված, երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կիջնի մինչև 515 դրամ:

Առաջիկա շաբաթվա սկզբում եվրոյի դինամիկան կորոշվի Հունաստանի խորհրդարանի նիստի արդյունքներով:Կուսակցությունների համաձայնությունը ենթադրում է աշխատանքի նվազագույն վճարման նվազեցում 22 տոկոսով, բյուջետային աշխատատեղերի կրճատում և կենսաթոշակների նվազեցում: Բացի այդ, ԵՄ-ի պահանջների մեջ է մտնում նաև ծախսերի կրճատում հավելյալ 325 մլն եվրոյով: Եթե հունական կառավարական կոալիցիայի երկու կուսակցությունների հաջողվի հավանություն տալ համաձայնությանը, ապա եվրոպական արժույթը կրկին էապես կբարձրանա:

Իսկ եթե քվեարկությունը կձախողվի, ապա եվրոն կարող է նվազել: Միասնական եվրոպական արժույթի համար աջակցության մակարդակն առաջիկա շաբաթ կարող է դառնալ 1,2950 ցուցանիշը:

EUR/USD զույգի գնանշման վրա որոշակի ազդեցություն կունենա նաև ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել սպառողական գների ինդեքսին, արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխմանը և հունվարին բնակշուկայի թվերին, ինչպես նաև ԴՊՀ-ի՝ հունվարի 25-ին կայացած վերջին նիստի արձանագրության հրապարակմանը: Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել Գերմանիայում փետրվարին ZEW ինստիտուտից գործարար միջավայրի տրամադրությունների ինդեքսի տվյալների հրապարակումը, ինչպես նաև 2011 թվականի չորրորդ եռամսյակի ՀՆԱ նախնական տվյալները: Այն դեպքում, եթե վերոնշյալ տնտեսական վիճակագրությունը դրական լինի, ապա FOREX շուկայում եվրոն, հավանաբար, կաճի մինչև 1,3350:

Այդ կապակցությամբ, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում ընթացիկ շաբաթ կգտնվի 505,0-525,0 դրամի միջակայքում:
Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճել է 11,5 տոկոսով՝ մինչև 13,20 դրամ: Սա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով, ինչպես նաև Հայաստանի ներքին շուկայում ամերիկյան արժույթի արժեքի նվազումով դրամի դիմաց:

Ռուբլու արժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ, առաջիկա շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գներից: Նույնիսկ եթե տնտեսական վիճակագրությունը խառը լինի՝ Իրանի շուրջ ստեղծված լարված դրությունը կարող է աջակցել ռուբլուն: Ամերիկյան արժույթի նկատմամբ դրամի ակնկալվող նվազումը հաջորդ շաբաթ նույնպես կապված կլինի դրամի նկատմամբ ռուբլուն ցուցաբերվող աջակցությունից:

Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կգտնվի 13,0-13,40 դրամ միջակայքում: -0-
Միքայել Վերդյան, FOREX CLUB ՊԸ վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև