Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկում

11.07.2011 14:19
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարումներն այսուհետև կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան բանկում և տեղում ստանալ տեխնիկական զննության կտրոնը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վճարումը կատարելն ու կտրոնի ստացումը նախատեսված է ՀՀ կառավարության 31.03.2011թ. «Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի փոփոխության մասին» որոշման համաձայն, որի համաձայն՝ փոխվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարման համակարգը:

Տրանսպորտային միջոցների սեփականատերերը տեխնիկական զննության հետ կապված վճարումներ կատարելիս պետք է առաջնորդվեն հետևյալ կարգով` սեփականատերը (կամ սեփականատիրոջ ներկայացուցիչը), այցելելով  մեքենայի մշտական հաշվառման վայրի տեղական ինքնակառավարման մարմին (թաղապետարան, գյուղապետարան և այլն), ստանում է տվյալ տրանսպորտային միջոցի գծով գույքահարկի պարտքի չափի մասին համապատասխան տեղեկանք:

Այնուհետև ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով գույքահարկի չափի մասին տեղեկանքը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, վճարողի անձնագիրը՝ իրականացնում է տեխնիկական զննության հետևյալ վճարումներ՝ պետական տուրք՝  ֆիքսված 2.500 ՀՀ դրամ, տեխ. զննություն անցնելու ծառայության վճար՝ ֆիքսված 5.500 ՀՀ դրամ, բնապահպանության վճար՝ կախված մեքենայի տվյալներից, գույքահարկ՝ կրկին կախված մեքենայի տվյալներից։

Վճարման պահին բանկը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (կամ սեփականատիրոջ ներկայացուցչին) տրամադրում է տեխնիկական զննության կտրոնը` բաղկացած 2 մասերից, որոնցից մեկը քաղաքացին պետք է փակցնի մեքենայի դիմապակուն, իսկ երկրորդ մասը` ներկայացնի տեխնիկական զննության կայան` տեխնիկական զննություն անցնելու նպատակով։

Տեխնիկական զննության վճարների կատարման և կտրոնների ստացման գործընթացը բանկում տևում է ընդամենը 5-10 րոպե

Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում և բանկի 87-87 միասնական տեղեկատվական ծառայությունից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև