ՄՖԿ-ն Բիբլոս Բանկ Արմենիային 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

27.03.2012 14:06
ՄՖԿ-ն Բիբլոս Բանկ Արմենիային 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի.  /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիբլոս Բանկ Արմենիան երեքշաբթի 10 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային և բնակարանային վարկավորման համար:

Համաձայնագիրը կնպաստի Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացմանը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:

«Ֆինանսավորման շրջանակներում Հայաստանի քաղաքացիները բանկի օգնությամբ հնարավորություն կստանան գնել ժամանակակից էներգարդյունավետ բնակարաններ, ինչպես նաև նորոգել արդեն իրենց պատկանող բնակարանները`ժամանակակից  էներեգախնայող տեխնոլոգիաների և շինանյութի միջոցով»,- հայտնեց «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ վարկերը կտրամադրվեն մինչև 15 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով,  վարկի առավելագույն գումարը կարող է հասնել 100 հազար դոլարի, իսկ տոկոսադրույքը կախված կլինի շուկայում տիրող իրավիճակից:

«Ծրագիրը վերջնական պատրաստ կլինի տարվա երկրորդ կեսին, և մոտավորապես երեք ամսից մենք կսկսենք վարկեր տրամադրել բնակարանների ձեռք բերման կամ վերանորոգման համար, պայմանով,որ վերանորոգման ծախսերի ամենաքիչը 50%-ը  կօգտագործվեն էներեգախնայող տեխնոլոգիաների ներդրման համար: Սա, մեր հաշվարկներով, թույլ է տալիս ունենալ 10 տոկոս էներգախնայողություն»,-նշեց նա:

Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով ՄՖԿ տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման (Tomasz Telma) իր հերթին նշեց, որ վարկի տրամադրմանը զուգահեռ ՄՖԿ-ն «Բիբլոս Բանկ Արմենիա»-ին խորհրդատվական ծառայությունների փաթեթ կտրամադրի:

«ՄՖԿ-ն մեծ փորձ ունի Էներգարդյունավետության բարձրացման ծրագրերի ներդրման գործում: Խորհրդատվական ծառայությունների փաթեթի շրջանակներում նախատեսվում է մասնագետներ վերապատրաստել էներգարդյունավետ նախագծերի մշակման ոլորտում »,- ասաց նա:

Թելմայի խոսքերով, մի կողմից ծրագիրն ուղղված է երկարաժամկետ ֆինանսավորման տրամադրմանը Հայաստանում հաջողությամբ զարգացող Բիբլոս Բանկին, մյուս կողմից օգնում է Հայաստանին խնայել էներգառեսուրսները, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը և դրանով իսկ խթանել կլիմայի գլոբալ փոփոխոխության դեմ պայքարի գործընթացը:

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի:  2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում:

2007թ.-ին Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ի կողմից: Վերջինը հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.-ին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը («ԶՎԵԲ») և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը («ՕՄԶՀ») ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ՝ «ԶՎԵԲ»՝ 25% + 1 բաժնետոմս, իսկ «ՕՄԶՀ»՝ 10%-ը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post