12.11.2015 11:51
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ շտկվում է և մոտենում իրական արժեքին` դոլարի նկատմամբ ավելի քան 500 դրամի սահմանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
ԿԲ–ի տվյալներով` Հայաստանում ամերիկյան արժույթի փոխարժեքն արդեն 2,5 շաբաթ աճում է, և այդ ժամանակահատվածում հայկական դրամն արժեզրկվել է 2,3 տոկոսով, ինչի արդյունքում դոլարն այսօր կազմում է 482,65 դրամ։ Միաժամանակ մինչև այս միտումը արտարժույթի շուկայում հիմնականում նկատվում էր դրամի ամրապնդում։ Մասնավորապես, հոկտեմբերի 23–ին դոլարը ողջ տարվա ընթացքում առաջին անգամ նվազեց` հայտնվելով 470 դրամից ցածր մակարդակում, սակայն արդեն հոկտեմբերի 26–ին այն կրկին սկսեց աճել։
«Ես դեռ սեպտեմբերին էի ասում, որ դրամն արժեզրկվելու է։ Ելնելով երկրի արտաքին հաշվեկշռից, ինչպես նաև գնահատականների տարբեր մոդելներից` դոլարը չպետք է արժենա 470–480 դրամ, իսկ իրական արժեքը պետք է կազմի 500–510 դրամ», – կարծում է Մանուկյանը։
«Մանուկյանի կարծիքով` ԿԲ–ի գործողությունները, որոնք հանգեցրեցին երկրի պաշարների կրճատման, հետաձգեցին դրամի արժեզրկումը։ Միաժամանակ նա կանխատեսում է, որ նոյեմբերի վերջին և իրավիճակի որոշակի կայունացումից հետո սահմանադրական բարեփոխումների ժամանակ դրամը կմոտենա իրական արժեքին և կհատի 1 դոլարի դիմաց 500 դրամի սահմանագիծը։
«Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ արժութային շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկն էականորեն գերազանցում է առաջարկը փոխանցումների, ինչպես նաև պղնձից ստացվող արտահանման շահույթի կրճատման պայմաններում։ Եվ եթե ԿԲ–ն արհեստական կերպով չզսպի փոխարժեքը, ապա այն կգերազանցի դոլարի դիմաց 500 դրամը», – ասաց նա։
Փորձագետը նաև նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի սպասումները և արդյունքում ՀՀ ԿԲ–ի կողմից այդ տոկոսադրույքի նվազումը որևէ կերպ չազդեցին։ Մանուկյանի գնահատմամբ` Հայաստանում դոլարի փոխարժեքի վրա հիմնականում ազդում է ԱՄՆ–ի ՊԴԾ–ի` առանցքային տոկոսադրույքի հարցում վարած քաղաքականությունը։
ՀՀ ԿԲ–ն նոյեմբերի 10–ի կայացած նիստի ժամանակ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել` հասցնելով 10,25 տոկոսից 9,75 տոկոսի։
«Հայաստանի արժութային շուկայում ձևավորվել էր արհեստական կայունություն, ինչի հետևանքով երկրի պաշարները ծախսվեցին ոչ ռացիոնալ։ Արտարժույթի շուկայում տիրող իրավիճակը կարող էին շտկել օրինակ այնպիսի գործոնները, ինչպիսիք են նավթի գների կտրուկ աճը կամ պղնձի միջազգային գների վերականգնումը։ Սակայն նման հանգամանքներ չգրանցվեցին», – նշեց նա։
Նրա խոսքով` այսօր ԿԲ–ն աստիճանաբար դիմում է շտկումների` Հայաստանում դոլարի իրական արժեքին մոտենալու համար, սակայն միաժամանակ կարգավորիչը պետք է ապահովի առավելագույնս սահուն անցում` բնակչության աղքատ շերտերի վրա չազդելու համար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: