Ջրբաշյան. բանկերի միավորումը 2016 թ.–ի հիմնական միտումը կդառնա

11.12.2015 17:16
Ջրբաշյան. բանկերի միավորումը 2016 թ.–ի հիմնական միտումը կդառնա

Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի (American Chamber of Commerce in Armenia – AmCham) Տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանի բացառիկ հարցազրույցը` «ԱՌԿԱ» գործակալությանը

 «ԱՌԿԱ» – Պարոն Ջրբաշյան, հաջորդ տարի ի՞նչ զարգացումներ է հարկավոր ակնկալել երկրի տնտեսական կյանքում։

ՋրբաշյանԿարծում եմ` հաջորդ տարին կլինի շատ հետաքրքիր բանկային հատվածում նախատեսված միավորման գործընթացների կապակցությամբ, որոնք կապված են միաձուլումների և կլանումների հետ։ Այս ամենը կլինի հաջորդ տարվա հիմնական միտումը։ Կենտրոնական բանկի կոշտ և երկարատև դրամավարկային քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ, կհաջորդի որոշակի մեղմացում։ Ընդհանուր առմամբ, բանկային հատվածի հիմնական խնդիրը կդառնան չաշխատող ակտիվները, իսկ ավելի հստակ` չաշխատող վարկերը։

 «ԱՌԿԱ» –Որոշակի մտավախություններ չի՞ առաջացնում առևտրային բանկերի չաշխատող ակտիվների աճը։

ՋրբաշյանՀամակարգային ռիսկեր չկան, սակայն որոշ բանկերի դեպքում դա լուրջ ցուցանիշ է։

 «ԱՌԿԱ» – Բանկերն ինչպե՞ս են լուծելու չաշխատող ակտիվների խնդիրը։

ՋրբաշյանԿլանումն ու միաձուլումը հնարավոր տարբերակներից մեկն է, այսինքն` լրացուցիչ ազդակ է այդ գործընթացների ակտիվացման համար։

 «ԱՌԿԱ» – Ձեր կարծիքով` առևտրային բանկերի կապիտալի խոշորացումն ու IPO–ները, որոնք արդեն նախատեսված են կամ տեղի են ունեցել, կնպաստե՞ն, արդյոք, Հայաստանի ֆոնդային շուկայի աշխուժացմանը։

Ջրբաշյան – Վստահ չեմ, որ մենք կարող ենք իրական համարել հիմա տեղի ունեցող IPO–ները։ Հետևաբար, այդ բաժնետոմսերի ազատ շրջանառությունը կլինի բավականին սահմանափակ, և դժվար թե հնարավոր է այդ ամենն անվանել ֆոնդային շուկայի աշխուժացում։ Սակայն կապիտալի համալրումը կխթանի միջազգային IPO–ի դուրս գալու հնարավորությունը։

 «ԱՌԿԱ» – Ձեր կանխատեսմամբ` որքա՞ն կլինի Հայաստանի ՀՆԱ–ի աճը տարեվերջին։

Ջրբաշյան– Կարծում եմ` կգրանցվի 2–3 տոկոսանոց աճ։ Տարին լի էր տարատեսակ ցնցումներով, փոփոխություններով, սպասումներով։ Սակայն եթե տանք ընդհանուր գնահատական, ապա իմ կարծիքով` տարին բավականին դրական էր, քանի որ չիրականացան ամենավատատեսական սպասումները, որոնք կանխատեսվում էին տարեսկզբին։ Տարվա ընթացքում գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները մի քանի անգամ փոխեցին իրենց կանխատեսումները։ Այս պահին փոխհամաձայնություն–կանխատեսումն արձանագրված է մոտ 2,5 տոկոսի սահմանում։

 «ԱՌԿԱ» – Փաստորեն, իրակա՞ն է 2016 թ.–ի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը, ըստ որի` ՀՆԱ–ի աճը կկազմի 2,2 տոկոս։ 

Ջրբաշյան– Փոփոխականության ու անկանխատեսելիության մակարդակն այնքան մեծ է միջազգային շուկաներում, որ անհնար է այս պահին խոսել իրական կանխատեսման մասին։ Սկսած այն փաստից, որ ԱՄՆ–ի դաշնային պահուստը բարձրացնում է տոկոսադրույքները մինչև նավթի գները, որոնք կախված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից։ Կարծում եմ` ամեն ինչ կդառնա ավելի պարզ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկզբում։

 «ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կազդի ԱՄՆ դաշնային պահուստի կողմից առանցքային տոկոսադրույքի բարձրացումը հայկական դրամի փոխարժեքի և երկրի տնտեսության վրա։

ՋրբաշյանԿարծում եմ` այդ ամենն առանձնահատուկ ազդեցություն չի ունենա, քանի որ մեր շուկան քիչ է ինտեգրված, սակայն պարզ է, որ հայկական բանկերի համար ԱՄՆ դոլարով փոխառությունների արժեքը կաճի։ Հետևաբար, ենթադրվում է, որ դոլարային տոկոսադրույքները ևս կաճեն։

 «ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք բացատրում հայկական առևտրային բանկերում խնայողությունների ծավալների աճը։

ՋրբաշյանԴա բնական վիճակ է։ Երբ շուկայում անորոշություն է տիրում, նվազում է նոր նախագծերում ներդրում կատարելու, նոր վարկեր վերցնելու պատրաստակամությունը։ Խնայողությունների նկատմամբ խթանը մեծ մասամբ կապված է ճգնաժամի հետ։ Այս երևույթը կարելի է նկատել ճգնաժամերի ողջ պատմության ընթացքում, երբ սկսում են աճել բարձր լիկվիդայնություն ունեցող ակտիվների խնայողությունները։ Նման պարագայում Հայաստանում բարձր լիկվիդայնություն ունեցող ակտիվը ԱՄՆ դոլարն է, այսինքն` դոլարային դեպոզիտները։ Սա ազդեցության հիմնական գործոնն է։ Անորոշության պայմաններում մարդկանց շրջանում ծախսերի նկատմամբ հակվածությունը նվազում է, և նրանք նախընտրում են խնայողություններ անել «սև օրվա» համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև